Ուժի միակողմանի ցուցադրություն
Վաղուց արդեն ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվում է նենգ ու ստորագույն քաղաքական հետապնդում, որը ոչ մի աղերս չունի իրավունքի և օրինականության հետ։ Արդարադատության հասկացություն գոյություն չունի և չի էլ ունեցել Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման այս շինծու գործում։ Բայց եթե սկզբական շրջանում հաջողվում էր որոշակի իրավական «թոզ փչել» հանրության աչքին, ապա այսօր՝ երկու տարի անց, անգամ նման փորձ էլ չի արվում, և հիմա ուղղակի գործի են դրվում կացնային մեթոդներ։
Հենց այս իրողությունն էլ իրավունք է տալիս կարծիք հայտնել նույն կերպ՝ առանց ձևականությունների ու ռևերանսների։ Ըստ այդմ, այն ինչ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ՝ հանցագործություն է մարդու և մարդկության դեմ։ Դա նույնն է, ինչի համատեքստում Նյուրնբերգի դատավարությունում անհատական պատասխանատվության ենթարկվեցին անգամ սոսկ հրաման կատարող շարքային նացիստները։ Իսկ այս գործում հրաման կատարողները շատ են և մեկը մյուսից «անձնվեր»։
Հատկապես դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատությունից, շարունակական արձակուրդներից, «7-ի գործով» նախադեպային միջնորդությունն անտեսելուց և չորս վարչապետերի երաշխավորությունները մերժելուց հետո՝ թվում էր, թե ոչ մի հակաիրավական արարք այլևս չի զարմացնի։ Բայց ավաղ, պարզվում է ոմանց գահավիժման շեմն անսահման է։
Ներկայացնենք հերթական նենգադավությունը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մայիսի 19-ին Վերաքննիչ դատարանում մուտքագրված իրենց բողոքը հետ վերցրեցին մայիսի 23-ին, որովհետև այն մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին։
Պաշտպանական թիմը ներկայացրել է դիմումը հետ վերցնելու պատճառները, որին կարող եք ծանոթանալ հղումով։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքերով՝ «Արմեն Դանիելյանի հետ կապված արդարադատություն, դատարան, առհասարակ պատկերացնել հնարավոր չէ: Օբյեկտիվ հիմքեր կան այստեղ, որոնցից մեկը Արմեն Դանիելյանի կողմից ընդհանրապես արդարադատություն չիրականացնելն է, դրա հետ մեկտեղ նաև իրավունքների կոպտագույն խախտումներ թույլ տալն է հենց Ռոբերտ Քոչարյանի գործով»։
Հիշեցնենք՝ Արմեն Դանիելյանն այն դատավորն է, ով 2019-ի հունիսին բավարարեց դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը, ինչի հետևանքով Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց, ընդ որում վճիռը կայացվեց ՝ առանց լսելու պաշտպանական կողմին և ամբաստանյալին։ Ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի բնորոշմամբ՝ անգամ ամենահետամնաց բռնապետական երկրում նման արտառոց դեպք չի գրանցվել։
Սույն դատավորը մեկ այլ բողոքով, որը չգիտես ինչպես դարձյալ նրան էր մակագրվել՝ մերժել էր գործի ամբողջական նյութերի տրամադրումը պաշտպաններին։ Դատավոր, ում վարկանիշը ամենացածրն է, և ով հայտնի է որպես մշտապես մեղադրող կողմին ընդառաջող՝ ցանկացած իշխանության օրոք։
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված բողոքները Վերաքննիչի 17 դատավորներից մակագրվում են միայն Արմեն Դանիելյանին։ Պատահականությո՞ւն է․․․ երբե՛ք։ Պարզապես գտնվել է դատավորի պատմուճան կրող այն անձը, ում համար ոչ թե օրենքի պահանջներն են առաջնային, այլ իշխանությունների ամենից ապօրինի պահանջները։ Փաստորեն ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի գործը իրավասու են քննել միայն երկու «ընտրյալ» դատավոր՝ Աննա Դանիբեկյանն ու Արմեն Դանիելյանը, որոնց կամակատարությունը փորձված է ոչ մեկ անգամ։
Ի՞նչ է սա, եթե ոչ օրենքի բացարձակ բացակայություն և միապետական նկրտումների ցուցադրում։ Եվ ի՞նչ պետք է անեն Ռոբերտ Քոչարյանն իր պաշտպանական թիմով՝ հիանալի հասկանալով, որ իրենց պարտադրվում են օրենք-օրինականության հետ կապ չունեցող խաղի կանոներ։ Ռոբերտ Քոչարյանն իր հզոր ու արժանապատիվ տեսակով, երևի, չի էլ կարողանում ըմբռնել գետնաքարշ սողացողների ստորության պատճառներն ու սահմանները, իսկ փաստաբաններն էլ իրենց ուսումնառությամբ և աշխատանքային փորձով իրավագիտություն են սովորել, այլ ոչ թե հոգեբուժություն։
Սա ոչ թե դատավարություն է, այլ ուժի միակողմանի ցուցադրություն, որն ավելի ու ավելի հանցավոր և անկանխատեսելի է դառնում, քանի որ օդում թևածում է Հայաստանում բռնապետություն հաստատելու փորձի վախճանը։
Լիա Իվանյան