Սևան քաղաք ելումուտն արգելվում է, քանի որ միայն քաղաքում 80 վարակակիր կա. մարզպետի խոսնակ
Արդեն հայտնել ենք, որ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ելումուտն արգելվել է։ Սահմանափակումը գործելու է մայիսի 25-ից մինչև հունիսի 3-ը ժամը 23։59-ը։
Գեղարքունիքի մարզպետի մամուլի խոսնակ Լիանա Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաք ելումուտը սահմանափակվում է, քանի որ կորոնավիրուսային վարակն այնտեղ մեծ արագությամբ է տարածվում։
«Սևան քաղաքում վարակվածության մեծ թիվ կա։ Միայն Սևանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 80 դեպք, իսկ ընդհանուր առմամբ, Սևանի տարածաշրջանում 150 վարակակիր կա»,- ասաց Լ. Հովհաննիսյանը։
Նա շեշտեց, որ վերջին երկու օրերին մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք, որից 24-ը միայն Սևան քաղաքում։
Տեղեկացնենք, որ վերջին տվյալների համաձայն, Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 369 դեպք, մահացել է 5 քաղաքացի, առողջացել՝ 161-ը։
Հավելենք, որ ըստ պարետի որոշման՝ համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու համար սահմանվելու է հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի։
«Սևան համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 25-ը՝ ժամը 13:00-ն՝ թույլատրելով Սևան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը։
Հարակից հրապարակումներ`
- Սևանում կարգելվի անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը
- Գեղարքունիքի մարզում հաստատվել է COVID-19-ի 11 նոր դեպք. Մարզպետ
- Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի հետևանքով ևս մեկ մահվան դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան