Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների
Համաճարակային իրավիճակը Իսպանիայում թույլ է տալիս վերսկսել ֆուտբոլի ազգային առաջնությունը հունիսի 8-ից հետո, իսկ ամռանը՝ հյուրընկալել օտարերկրյա զբոսաշրջիկների: Այս մասին հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը: Մրցաշարն ավարտելու համար Լա Լիգայի ղեկավարությունը նախատեսում է առաջիկա օրերին համակարգել խաղի ժամանակացույցը, որն ընդհատվեց մարտ ամսվա ընթացքում՝ համաճարակի պատճառով: Կառավարության ղեկավարը, մինչդեռ, կոչ է արել տուրիստական սեզոնի համար պատրաստել ռեստորանները, հյուրանոցները և լողափերը։ Այս մասին գրում է Euronews-ը։
«Իսպանիա տարեկան այցելում է ավելի քան 80 միլիոն զբոսաշրջիկ, այդ իսկ պատճառով ես հայտարարում եմ, որ հուլիս ամսից օտարերկրյա զբոսաշրջիկները կկարողանան անվտանգ պայմաններով վերադառնալ Իսպանիա: Այս պահից սկսած, օտարերկրյա զբոսաշրջիկները կարող են արձակուրդները պլանավորել մեր երկրում»,-ասել է Սանչեսը:
Հունիսի 3-ից Իտալիան պաշտոնապես պատրաստ է ընդունել ԵՄ երկրներից զբոսաշրջիկների: Այս երկրում թանգարանները վերսկսում են աշխատանքը: Կոլիզեումը բացվելու է հինգշաբթի օրը, այնուհետև Ֆլորենցիայի Ուֆիզիի պատկերասրահը: Հունիսի 1-ից այցելուները, ովքեր տոմսեր են պատվիրել, կկարողանան այցելել Վատիկանի թանգարաններ:
Հունաստանը ևս պատրաստվում է զբոսաշրջիկների վերադարձին։ Օտարերկրացիները կկարողանան առանց թեստերի ու կարանտինի գալ համաճարակային նպաստավոր իրավիճակ ունեցող պետություններից։ Խորվաթիայի կառավարությունը պլանավորում է բոլոր զբոսաշրջիկների համար սահմանները բացել հունիսի 15-ից հետո, այդ ժամանակ նրանք խոստանում են չեղարկել արտասահմանից ժամանողների կարանտինը:
Ֆրանսիայում կառավարությունը շեշտում է ներքին զբոսաշրջության կարևորությունը: Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը խոստացել է հաջորդ շաբաթ ներկայացնել ծրագրեր, որը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին:
Գերմանիայում աստիճանաբար մեղմացվում են կարանտինային միջոցառումները։ Կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունների ֆոնին․ առանց շտապողականության և ծայրահեղ զգուշությամբ գործելու անհրաժեշտության մասին: Այս կոչերը զայրացնում են սահմանափակումների հակառակորդներին։
Նշվում է, որ Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2 միլիոն դեպք, մահացել է մոտ 170 հազար հիվանդ