Անբարո գերշահույթ ստացողների ականջը բռնելու համար պետք է ընդլայնել ՏՄՊՊՀ մանդատը. Զոհրաբյան
«Ամենահեշտ բանն է ասել, որ այսինչ բանը ձեր մանդատի մեջ չի մտնում»,- խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՏՄՊՊՀ 2019 թվականի գործունեության հաշվետվությանը։
Նրա խոսքով, հատկապես հիմա, երբ տնտեսությունը ծանր իրավիճակում է գտնվում և այդ վիճակը դեռ շարունակվելու է, պետք է ընդլայնել ՏՄՊՊՀ մանդատը, որպեսզի նա այն տնտեսվարողների ականջից բռնի, ովքեր փորձում են այս ֆորսմաժորային իրավիճակում ստանալ անբարո գերշահույթ։
«Երբ մոնոպոլիստները դեղատներին մատակարարում էին դիմակներ, այդ ժամանակ դիմակները վաճառվում էին 20-30 դրամով։ Այդ ժամանակ էլ նրանք վստահաբար որևէ մեկին լավություն չէին անում, էլի ունեին իրենց գերշահույթները։ Հիմա ունեն հարյուրապատիկ ավելի գերշահույթ։ Եվ ժամանակը բավականաչափ երկար էր, որ ՏՄՊՊՀ-ն նրանցից պահանջեր հաշվետվություն և նաև պատասխանատվություն՝ այս անոմալ գերշահույթների համար։ Եվ ասեմ, որ որակների համեմատություն եմ արել. նախկինում 20-30 դրամով վաճառվող դիմակները շատ ավելի որակյալ էին, քան այս անորակ թուղթը, որը մեկանգամյա օգտագործման համար էլ պիտանի չէ, ես դրա վտանգազերծիչ գործառույթին չեմ էլ վստահում»,- շեշտեց Ն. Զոհրաբյանը։
Նրա պնդմամբ, իրեն չի հանդիպել դեղատուն, որտեղ 150 դրամով դիմակ վաճառվի. «Կենտրոն և Արաբկիր շրջաններում ես գնել եմ դիմակ 220 դրամով։ Սա անթույլատրելի է, մենք պետք է հասկանանք, որ այս տրամաբանությամբ յուրաքանչյուր ընտանիք ամսական նվազագույնը 60 հազար դրամ պետք է վճարի դիմակ գնելու համար, կամ էլ պետք է կեղտոտ ու վիրուսոտ դիմակը հանի գրպանից, ճպպացնի դեմքին ու ման գա։ Կարգավորեք այս ոլորտը, այլապես այն սոցիալական լուրջ խնդիր է առաջ բերելու»։
Պատգամավորը շեշտեց, որ սոցիալական ծրագրերում ներառված ընտանիքներն էլ պիտի անվճար դիմակներն ստանան։
Ն. Զոհրաբյանը կասկածի տակ առավ նաև ՏՄՊՊՀ նախագահի հայտարարությունը, թե կարագի գինը նվազել է. «Ես գնում եմ «Պրեզիդենտ» կարագ, որի մեկ կգ-ն առաջ վաճառվում էր 4700 դրամով, ապա դարձավ 5300 դրամ, հիմա 6030 դրամ է»: