Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ մահվանից հետո հաստատվել է կորոնավիրուս
Մայիսի 24-ին կյանքից հեռացած Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Panorama.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը:
Նա նշեց, որ արդեն երկու տարի է դերասանուհին առողջական խնդիրներ ուներ՝ սրտի հետ կապված, շաքարային դիաբետ։
«Ինչպես իմացա, մահվանից հետո են թեստ արել։ Երբ վատ է եղել, տեղափոխել են, հետո մահացել է։ Կասկած են ունեցել, այդ իսկ պատճառով թեստավորել են»,- ասաց Կ. Շահբազյանը։
Նրա խոսքով, քանի որ Կարինե Բուռնազյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս, այդ պատճառով հոգեհանգստի արարողություն չի լինելու, միանգամից նրա դին տեղափոխելու են գերեզմանատուն, հուղարկավորությանը կարող են ներկա լինել քիչ թվով մարդիկ։
«Կարինե Բուռնազյանը շատ սիրված դերասանուհի էր։ Մեր թատրոնի դերասաններին էլ կոչ եմ արել չգնալ թաղմանը։ Այս իրավիճակից հետո մենք բոլորով միասին կայցելենք նրա շիրիմին»,- ասաց Կ. Շահբազյանը։
Կարինե Բուռնազյանը ծնվել է Երևանում 1959 թվականին: Մինչ 7-րդ դասարան սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Ավարտել է Երևանի Ա.Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցը: 1977-79թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում` Խորեն Աբրահամյանի արվեստանոցում: 1988թ-ից որպես դերասանուհի աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ժ.Ֆեյդոյի «Կասկածը կնոջ սրտում» (Օլիմպ), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Օրտենզիա), Ժ.Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» (Հարևանուհի), Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Թեկլե), Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Կուլա), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Փահլևան), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը», Ժ.Վիլարի «Արթուրո Ուիի կարիերան, որ պիտի կանխվեր» (Իննա և քարտուղարուհի), Պ.Բոմարշեի «Խելահեղ օր» (Գոհար), Ա.Շիրվանզադեի «Ազգային գործիչ» (Հմայիլ), Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» (Դարյա Սեմյոնովնա) և այլն:
1997-2005թթ «Բոհեմ» թատերախմբով շրջագայել է Եվրոպայում: Առաջին գեղարվեստական ֆիլմը եղել է Մոսկվայի պատվերով` «Թռիչքը սկսվում է գետնից», ինչպես նաև` «Մեծ քաղաքի փոքր պատմությունները»: Նկարահանվել է «Վերվարածները», «Գերդաստան», «Իմ տունը իմ ամրոցն է», «Մեր բակը 4», «Վեր կաց և քայլիր» և այլ հեռուստասերիալներում։