Ծիծաղելի է, երբ ասում են՝ մեր շուկան փոքր է. Բագրատյան
«Ձեռքբերման շուկաները խիստ նեղացել են՝ նախկինում որոշակի կոռուպցիոն համակարգերի ստեղծման արդյունքում»,-խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նրա խոսքով, Հայաստանը ապրանքի ձեռքբերման նոր շուկաների խնդիր ունի։
«Ամեն օր որևէ երկրում ցանկացած ապրանքի արտադրություն է սկսվում, և եթե ինչ-որ մեկն ասում է՝ բրինձը ձեռք է բերում «իքս» երկրից, քանի որ դա լավագույն տարբերակն է, ապա չկա նման բան, հաջորդ օրը նոր արտադրող է ծնվում աշխարհում, և կարելի է այդ նոր արտադրողի հետ սկսել համագործակցել։ Այսինքն՝ պետք է թքած ունենալ մասշտաբի էֆեկտի վրա, չկա նման բան»,- ասաց Ս. Բագրատյանը։
Նրա բնորոշմամբ, ծիծաղելի է փաստարկը, երբ ասվում է, թե իրացման շուկան մոնոպոլացված է, և այնտեղ մուտք գործել հնարավոր չէ։
«Ցանկացած ապրանք բերեք և հինգ դրամով էժան վաճառեք, կտեսնեք, որ բոլորը ձեզնից կգնեն, ոչ թե կգնան սուպերմարկետից կառնեն։ Մի տեղ դրեք և ասեք, որ այսինչ ապրանքը ձեր մոտ հինգ դրամով էժան է, կտեսնեք, կգան ձեզնից կգնեն։ Սպառողը էժան և որակյալ ապրանք է ուզում։ Բացի այդ, երկար ժամանակ այս ցիկլերն աշխատել են դրսում կոռուպցիոն սխեմա ունենալու արդյունքում։ Երբ դու նոր երկիր ես մտնում, նոր ձեռքբերում անում, այլևս այդ կոռուպցիոն սխեման չի գործում։ Դրա համար դիզվառելիքի գինը 400-ից իջավ 280 դրամ։ Շատ պարզ ցուցիչ, ընդամենը մեկ այլ երկրից թույլատրվեց ներկրել»,- շեշտեց Ս. Բագրատյանը։
Պատգամավորը վստահեցրեց, որ նաև պետք է որոշ օրենսդրական փոփոխություններ իրականացվեն, որպեսզի գերիշխող դիրքերը ջարդուփշուր արվեն և նոր աշխատատեղեր ստեղծվեն։
«Երբ ասում են՝ մեր շուկան փոքր է, դա էլ է ծիծաղելի։ Եթե մի ապրանքատեսակից տվյալ մոնոպոլ դիրք ունեցող ընկերությունն ունի 50 մլն դոլար շահույթ, եթե նույն շուկայում 100 հոգի աշխատի, յուրաքանչյուրը կունենաք 500 հազար դոլար շահույթ։ Եվ այդ հարյուր հոգին էլ աշխատատեղ կստեղծի, նոր աշխատատեղեր կունենանք։ Տնտեսությունը պիտի քաղաքականությանը զուգընթաց գնա։ Այդ դեպքում կունենանք ֆինանսների տեղաբաշխում»,- եզրափակեց խոսքը Ս. Բագրատյանը։