Տարբերություն չկա՝ մարդը սահմանին է զոհվում, թե հիվանդությունից. Իմքայլական պատգամավոր
«2016 թվականի ապրիլին տեղի ունեցավ մի երևույթ, որն աննախադեպ էր. եթե պատերազմող երկրներում տեղի է ունենում արտագաղթ, ապա ՀՀ-ում ներգաղթ սկսվեց»,- խորհրդարանում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը։
Նա շեշտեց, որ հայերը դրական առումով տարբերվում են մյուս ժողովուրդներից, քանի որ օրհասական պահին միասնական են։
«Մարտահրավերներին մենք դիմավորում ենք ուս ուսի տված։ Ճիշտ է՝ ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամին երևում էր, իսկ հիմա անտեսանելի է նա, բայց կյանքեր է խլում։ Ճիշտ է, հիմա էլ պայքարը բարդ է, հիմա ինքս էլ դիմակով դժվարանում եմ խոսել, բայց եթե համեմատենք՝ զենքը ձեռքին սահմանում կանգնելն ու կյանքդ վտանգի ենթարկելը, ապա կտեսնենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի հետ այն համեմատելի չէ։ Իմ խնդրանքն ու կոչն է բոլորին, որ շատ լուրջ վերաբերենք այս համաճարակին և բոլորս մի մարդու նման կատարենք անհրաժեշտ քայլերը՝ մեր ժողովրդին անվտանգ պահելու համար»,- ասաց պատգամավորը։
Ս. Մովսիսյանի խոսքով, տարբերություն չկա մարդը սահմանին է զոհվում, թե ինչ-որ հիվանդությունից. «Եթե մենք հնարավորություն ունենք ինչ-որ գործողություններով կանխել այդ մահը, կարծում եմ, որ պետք է անենք։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ քաղաքացիներից, քանի որ տեսնում եմ՝ նրանք այժմ ավելի կարգապահ են»։