Իրապես հացի խնդիր է առաջացել. Գորգիսյան
«Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու պահից կառավարությունը խոսում է կապիտալ շինարարության մասին, որ դրանց ծավալները պետք է աննախադեպ լինեն, բայց ցավոք, իրականում այս պրոցեսը դանդաղում է»,- խորհրդարանում նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Նրա խոսքով, այդ հապաղման պատճառներից է բանկային երաշխիքը, որը հնարավորություն չի տալիս միջին ձեռնարկություններին, որոշ դեպքերում նաև մեծ ձեռնարկություններին մասնակցել տենդերներին, և ամբողջ գործընթացը դեռևս կանգնած է։
«Տարվա կեսն անցել է, բայց մենք չունենքն խոստացված այն կարևոր գործիքը, որով պետք է գումար ներդրվեր տնտեսության մեջ, և այն ընտանիքները, որոնք արտերկրից էին ապրուստի միջոց ստանում, այսօր չունեն դա։ Այն, ինչը պիտի փոխարիներ արտագնա աշխատանքին, ցավոք, այսօր մենք չունենք։ Սրան հակառակ, նաև կառավարության որոշ ծրագրեր երբեմն ստեղծում են նոր խնդիրներ»,- շեշտեց Գ. Գորգիսյանը։
Նա տեղեկացրեց, որ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները ևս խնդիրներ ունեն, որոնց մասին մենք նամակով տեղեկացրել ենք կառավարությանը.
«Այդ մարդիկ ասում են, որ եթե սրճարաններ կարելի է այցելել, կարող են սեղանների շուրջ նստել, բայց միջոցառումների դեպքում դա արգելվում է։ Այսինքն՝ հարսանյաց սրահները, ծաղիկների սպասարկման ոլորտը, տեսանկարահանողները կանգնել են սնանկացման առաջ։ Այս խմբերը պիտի լինեին թիրախային և պիտի աջակցություն ստանային։ Ես հույս ունեմ, որ մենք շուտափույթ լուծում կստանանք այս խնդրին, քանի որ իրապես հացի խնդիր է առաջացել, և հարցն օր առաջ լուծման կարիք ունի»։