Առողջապահության նախարարը թեստերը հավաքել է ձեռքը. Բագրատյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով նոր կորոնավիրուսի թեստավորումը պետք է իրականացվի բացառապես պետական միջոցներով։ Առողջապահության նախարարությունը «Հրապարակին» տրամադրել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք իրավուքն ունեն պետպատվերով թեստավորում կատարել։ «Համաձայն առողջապահության նախարարի 13.05.2020թ. թիվ 04-Ց ցուցման, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով», - հայտնում է նախարարությունը։ Ինչո՞ւ են մեզանում սահմանափակում թեստավորման իրավունք ունեցող լաբորատորիաների թվաքանակը, ի՞նչ միջազգային փորձ կա այս հարցում, այս և համաճարակի տարածման հետ կապված այլ հարցերի շուրջ լրատվականը զրուցել է ՀՀ նախկին վարչաապետ Հրանտ Բագրատյանի հետ, որը հետևողականորեն ուսումնասիրում է թեման ու արդեն դրան նվիրված խորհուրդների մի ամբողջ հատորյակ է նվիրել մեր կառավարությանը ֆեյսբուքյան գրառումների տեսքով։
- Պարոն Բագրատյան, մեզ մոտ պետպատվերով թեստավորելու իրավունք ունեն միայն երեք լաբորատորիաներ, որոնց թվում է Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմը»։ Ինչո՞ւ ։ Աշխարհում ինչպիսի՞ն է պրակտիկան, այլ երկրներում է՞լ են մասնավորին արգելում թեստ անել։
- Աշխարհում դա հիմնականում ապակենտրոնացված համակարգ է։ Թեստերը տրամադրվում են բոլոր նրանց, ովքեր կարող են թեստավորել։ Երբեմն նույնիսկ տալիս են մասնավոր անձանց, նաև արյան հետազոտման լաբորատորիաներին, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում։ Պատճառն այն է, որ առողջապահության նախարարը թեստերը հավաքել է ձեռքը։ Այդ պայմաններում ստիպված ես նախևառաջ թեստավորում անել ծանոթներով։
- Իրենք բացատրում են նրանով, որ ուզում են վերահսկելի լինի հիվանդությունը և որ ուզում են պաշտպանել անձնական տվյալները արտահոսքից։
- Դա կատարյալ սուտ է։ Տվյալների արտահոսքը պետք է անպայման լինի, պետք է մարդիկ իմանան, թե ով է հիվանդ կորոնավիրուսով։ Աշխարհն այդ ճանապարհով գնաց, քանի որ հասկացան, որ գաղտնիքը պետք չի։ Ես օրեցօր համոզվում եմ, որ գործող առողջապահության նախարարը գիտելիքի խնդիր ունի։
- Քաղաքացիների պատասխանատվության չափը ինչքա՞ն է, ո՞րն է պետության մեղքը,որը քաղաքացու։ Փաշինյանն ու իմքայլականները ստեղծված իրավիճակը բացատրում են մեր ժողովրդի կարգապահ չլինելով։
- Փաշինյանն ու իմքայլականները բոլորը պնդում են, որ հիմնական մեղքը քաղաքացիներինն է։ Դա այդպես չէ, փորձը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիներին, երբ որ հետևում ես, նրանք շատ ավելի կարգապահ են, քան թե Վրաստանում, կամ այլ երկրներում։ Խնդիրն այն է, որ երբ որ պարետը, կամ Նիկոլ Փաշինյանը որոշումներ են կայացնում, դրանցում հետադարձ կապ նախատեսված չէ։ Նրանք այնքան պրոֆեսիոնալիզմ չունեն որ հասկանան, թե ինչ բան է հետադարձ կապով որոշում կայացնելը։ Եւ հիմա իրենց չհասկացածը բարդում են քաղաքացիների գլխին։ Վերցրեք օրինակ Փաշինյանին ու Թորոսյանին։ Առաջինն ասում էր, որ կ-վ-սը պինցետով կհանի, իսկ 2-րդը բազմիցս նշել է, որ դիմակ պետք չէ։ Անգամներ այս մասին արտահայտվել ենք։ Հիմա, երբ բոլորն ասում են՝ դիմակ կրեք, կարող ենք ասել, որ վերջին 2 օրում կտրուկ փոփոխություն կա։ Բայց այստեղ է շան գլուխը թաղված։ Առողջապահության նախարարը առնվազը պետք է հրաժարական տա, քանի որ իր "կոնցեպտը" բերեց համատարած վարակի։ Մեր երկիրն այլևս վատագույն երկրներից է, ոււր ցուցանիշները 10-ական անգամ վատ են հարևաններից։ Լուրջ քննարկման պետք է դրվի ՀՀ նախագահի հարցը։ Նա երկրի անվտանգության երաշխավորն է։ Մատը մատին չի խփել։ Ի դեպ, սույնով դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին վարույթ հարուցել Ա.Սարգսյանի, Ն.Փաշինյանի, Տ.Ավինյանի և Ա.Թորոսյանի նիկատմամբ հանցավոր անգործության արդյունքում հանրության առողջությանը վնասելու համար։
Թեստերը պետք է գնել։ Դրանց արժեքը միջազգային շուկայում սկսվում է 3 դոլարից։ Մենք ունենք հնարավորություն Չինաստանից թեստ բեերու։ Ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ որ կանադական ինքնաթիռը կանգնած էր և թեստերը տանում էր Կանադա, Ջաստին Թրյուդոն զանգում էր Չինաստանի ղեկավարին, ու Չինաստանը այդպես էլ չտվեց այդ ինքնաթիռը Կանադային միայն այն պատճառով, որ իրենք ապօրինի ձերբակալել են «Հուավեյի» ընկերության ֆինանսական տնօրենին։ Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանը Չինաստանից երեք ինքնաթիռ բեռ է ստացել, այդ թվում թեստեր (ժողովրդականա խոսքով ասած՝ ախպերն ախպորը չէր տա)։ Չնայած Չինաստանի դուրը չի գալիս, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք անընդհատ բլոկ են անում Չինաստանին Հայաստանում։ Իսկ թեստը առանձնապես թանկ բան չի։ Պետք է կազմակերպել ու բերել հաջորդ ինքնաթիռով։ Ես էլ չեմ ասում, որ արդեն որոշ պետություններ նորմալ թեստեր են արտադրում՝ ՌԴ-ն, Բելառուսը, Ուկրաինան։ Իհարկե, դրանք սկզբից թանկ են ստացվում, բայց թեստը այսօր համաշխարհային շուկայում պրոբլեմ չէ։ Մանավանդ, որ Հայաստանը ունի Չինաստանի բարյացկամ վերաբերմունքը և կարողանում է շատ մատչելի գներով դրանք ձեռք բերել։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ: