Դավիթ Խաժակյան. Մենք գնացել ենք ավելի մեծ մոնոպոլիզացիայի, քան եղել է նախկինում
Այս ընթացքում բազմաթիվ շինարարություններ կանգնած են այն պատճառով, որ տեխհսկողություն չի իրականացվում։ Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
«Ամեն անգամ, երբ այս ամբիոնից քննարկում ենք, թե ինչ խնդիրներ կան շինարարության հետ կապված, ելույթներ են հնչում, որ մենք ամեն ինչ հասցրել ենք, ժամանակին արել ենք, Գնումների օրենքը, օրենսդրությունն այնքան վատ է, որ ընթացքը նորմալ չի լինում։ Փաստորեն, ինչպես հայտնի արտահայտությունն է ասում՝ կառավարությունն ունքը սարքելու փոխարեն աչքն էլ տվեց հանեց։ Տեխնիկական հսկողություն իրականացնողներից, նաև շինարարներից պահանջվում է շատ մեծ ծավալի բանկային երաշխիք, այս գնումները կանգնում են, շինարարությունը կանգնում է, որովհետև չեն ներկայացվում համապատասխան երաշխիքները»,- նշեց նա։
Դ.Խաժակյանի խոսքով, մեկուկես տարում անընդհատ հնչում է, որ քաղաքապետարանը պատրաստվում է առաջարկությունններ անել կառավարությանը, Ազգային ժողովին, որ այս օրենքը բարեփոխվի։
«Ուզում եմ հասկանալ, եթե սա ձեր պատկերացրած բարեփոխումն է, կամ ձեր պատկերացրածը չէ, բայց քաղաքապետարանը չի առարկել այս փոփոխություններին, ինչպե՞ս ենք այս իրավիճակը պատկերացնում։ Մենք գնացել ենք ավելի մեծ մոնոպոլիզացիայի, քան եղել է նախկինում, որովհետև շինարարներից, տեխհսկողություն իրականացնողներից պահանջում ենք այնպիսի ծավալի բանակային երաշխիք, որը կարող են ապահովել գլխավորապես խոշոր կազմակերպությունները։ Հայեցողության դաշտը շատ մեծ է»,- ասաց նա։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ ինչքան էլ զարմանալի չէ, համաձայն է Խաժակյանի հետ։ Նա նշեց, որ իրենք այս կարգավորմանը կողմ չենք եղել, առաջարկություն են արել, ցավոք սրտի, չի ընդունվել։