Կա՛մ Վահագն Հովակիմյանը պետք է դատվի, կամ Ջիանի Բուքիքյոն. Մարուքյան
«Դիմակ կրելը պետք է, բայց Սահմանադրությունն ասում է, որ ԱԺ-ի գործունեությունը չի կարող խոչընդոտվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամանակ ընդունված սահմանափակումներով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԺ նախագահն իրավունք ունի պատգամավորին դուրս հրավիրել նիստերի դահլիճից՝ դիմակ չկրելու պատճառով։
Պատգամավորը վստահեցրեց, որ դիմակ չկրելու համար իրենց գործունեությունը չի կարող խոչընդոտվել։ Նա շեշտեց, որ ԱԺ նախագահի հայտարարությունը՝ պատգամավորներին դուրս հրավիրելու հետ կապված, հակասահմանադրական է։
«Մարդկանց չպետք է հանել դահլիճից, վերջը դա ամեն մարդու պատասխանատվության հարցն է, մարդը չպետք է անգամ բացատրություն տա, թե ինչու դա չի կրում։ Կարող է առողջական հարց կա, շնչառական հարց կա, չպիտի իր կյանքը պատմի բոլորին՝ ինչու չի կրում դիմակ։ Դրա համար չպետք է մարդու սահմանադրական լիազորությունները սահմանափակել»,- շեշտեց պատգամավորը։
Ըստ Է. Մարուքյանի, կորոնավիրուսային ներկայիս իրավիճակի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է կառավարությունը և առաջին հերթին առողջապահության նախարարը, քանի որ սահմանափակումներն ու քայլերը ժամանակին չարվեցին.
«Եթե ճիշտ ժամանակին արվեին սահմանափակումները, մենք լավ արդյունք կունենայինք։ Հիմա կարող ենք համարել, որ մենք հասել ենք պիկին, ու արդեն պետք է նվազում գնա։ Ինչ վերաբերում է հակաճգնաժամային հանձնաժողով կազմելուն, ապա գործող մեծամասնության հետ գնալ և կառավարությունում աշխատելն աբսուրդ է»։
Ինչ վերաբերում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե Վրաստանում թաքցնում են վարակակիրների թվերը և ճիշտ տեղեկատվություն չեն տալիս, Է. Մարուքյանն ասաց, որ դա խայտառակություն էր։
«Մենք պետք է քիչ խոսեինք ու շատ աշխատեինք, բայց հակառակն է եղել։ Եվ Վրաստանի հետ հարաբերություն փչացնելու իմաստը ո՞րն է։ Ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա պետք է ուշադիր լինի իր հայտարարություններն անելիս, որպեսզի բարեկամ, հարևան երկրների հետ խնդիրներ չունենանք»,- նշեց պատգամավորը։
Դիտարկմանը, որ ներկայումս իշխանությունը Վենետիկի հանձնաժողովի մասին դրական կարծիք է հայտնում, մինչդեռ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի նախկինում հայտարարում էր, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը ադամանդակուռ կաշառք է ստացել, Է. Մարուքյանը արձագանքեց, որ հիմա պետք է դրա վերաբերյալ նոր հայտարարություններ արվեն, կամ պետք է սուտ մատնության համար քրգործ հարուցվի, և կամ Վ. Հովակիմյանը պետք է սուտ մատնության համար դատվի, կամ Ջիանի Բուքիքյոն՝ կաշառք վերցնելու համար։
«Հիմա Վ. Հովակիմյանը բարդ կացության մեջ է, նա պետք է որոշի՝ կամ ինքն է դատվելու, կամ Ջ. Բուքիքյոն»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի առողջապահության նախարար. Իմ հայ գործընկերոջ հայտարարությունն անհիմն է
- Մենք ասում էինք՝ պետք չի ՍԴ հարցով այդպես անել, թե՞ անպայման Բուքիքյոն պետք է ասի. Մարուքյան