Մահացել է գրող Գրիգոր Սարգսյանը
Կյանքից անժամանակ հեռացել է տաղանդավոր գրող Գրիգոր Սարգսյանը (ծնվ. 1978 թ.)՝ «Ավետյաց անտառը» (2006) վիպակի և «Վերջին հրդեհը» (2011) փիլիսոփայական վեպի հեղինակը: Ֆեյսբուքյան էջում լուրը հայտնել է Հակոբ Ս. Մադոյանը։
«Հատկանշական են նաև նրա «Գավառի ֆենոմենոլոգիան» (2015-16) սոցիալ-փիլիսոփայական շարքը և «Նիցշեն հակաքրիստոսի դերում» (2018) ուսումնասիրություն-խոհագրությունը:
Գրիգորը իսկական մտքեր ուներ՝ յուրաքանչյուրն իր տեղում, խորապես մտածված՝ իրենց փակուղիներով, որոնցից ելքը կարող է միայն հայտնությունը լինել: Ամենաարդիական գաղափարը երկու բառով հեշտությամբ տեղավորում էր դասական ավանդույթի մեջ: Մարմնով հիվանդացավ՝ ժամանակակից աշխարհի անհեթեթության իրողությանը և վերահաս մշակութային «մայրիշխանության» իր կանխազգացմանը դիմակայելիս: Ինքնախտորոշումը՝ «В душе тоска, вокруг Китай» (Շևչուկի երգից): Ռուսական ռոք էր սիրում: Գերմաներեն սովորեց, որ բնագրերով Հուսեռլ ու Շտայներ կարդա: Կարդաց: Չգտավ, ինչ փնտրում էր: Ոչ առանց հեգնանքի ասում էր՝ դե, ես մասնագետ չեմ, երևի չեմ հասկանում: Կրթությամբ ճարտարագետ էր, վերամասնագիտացել էր ծրագրավորման ոլորտում: Վերջերս Ֆիխտե էր կարդում. չէր կարդում՝ ուսումնասիրում էր. չէր ուսումնասիրում՝ վերապրում էր: Հորդորներին, թե ստացիոնար բուժում է հարկավոր, պատասխանում էր՝ չեմ ուզում սուբյեկտից վերածվել օբյեկտի: Վերջին զրույցի ժամանակ՝ իրեն այցելած հերթական բժշկին «որակազրկելուց» հետո, ասաց՝ ես ինքս ինձ կբուժեմ, միայն թե մի նոր հեղափոխություն չանեք: Այդպես էլ արեց՝ բուժեց ինքն իրեն. հոգուց թոթափեց մարմնի ծանրությունը…
Հոգեհանգիստը՝ 26.05.2020 թ., ժ. 17:00-20:00, «Հավերժություն» սգո սրահում, Բագրատունյաց 1, Երևանյան լճի հարևանությամբ»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա