Ընկերությունը ռեանիմացիայում՝ կորոնավիրուսի օրերին
Ասում են՝ ընկերները դժվար ու նեղ պահերին իրար կողքի լինելու համար են։ Բայց այն, որ նրանք կարող են կորոնավիրուսով վարակվել միաժամանակ ու պատահաբար հայտնվել նույն հիվանդանոցի ռեանիմացիայում կողք-կողքի մահճակալների, մի քիչ ֆիլմ է հիշեցնում։
Հայաստանյան ձեռնարկություններից մեկում կորոնավիրուսի տարածման հետևանքով ապրիլի վերջերին հոսպիտալացվում է նաև 65 տարեկանից բարձր Ռ. Մ-ն։ Քանի որ ջերմությունը չէր իջնում, նրան տեղափոխվում են վերակենդանացման բաժանմունք։
Քաղաքացին արդեն բուժվել, դուրս է գրվել, բայց այդ օրերի հիշողություններն նրան չեն լքում։
«Սկզբում ջերմություն չունեի, առատ քրտնարտադրություն կար։ Ինձ աշխատանքի վայրում ասացին՝ գնա տուն, մի քանի օր հանգստացի։ Գնացի պոլիկլինիկա, ասացին՝ թարախային անգինա է։ Երեկոյան պարզվեց, որ գործընկերոջս մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Քանի որ ես կոնտակտավոր էի, ինձ մեկուսացրեցին։ Հյուրանոցում երկու օր անց ջերմությունս բարձրացավ, ջերմիջեցնող տվեցին ու տեղափոխեցին «Նորք»։ Այստեղ թեստավորեցին, պատասխանը դրական էր։ Ինձ տեղափոխեցին մեկ այլ հիվանանոցի ռեանիմացիա։ Մի քանի օր ջերմությունս բարձրանում էր մինչև 39, ինչքան անտիբիոտիկ էին ներարկում, այնքան բարձրանում էր։ Երեք օր անընդհատ ջերմում էի»,- պատմում է քաղաքացին։
Երբ համեմատած ավելի լավ է զգում, մահճակալաներից մեկի վրա պառկած մարդուն նմանեցնում է իր ընկերոջը, որից հավանաբար անցել էր վարակը։
«Վստահ չէի, որ իմ ընկերն է, բուժքրոջը խնդրեցի՝ գնացեք, այ էն մարդուն իմ անունից բարևեք։ Պարզվեց՝ իսկապես ընկերս է։ Ու քանի որ էլ բարձր չէի ջերմում, ինձ էլի պատահաբար տեղափոխեցին նրա կողքի մահճակալին, իր կողքի հիվանդին բերեցին իմ տեղը։ Հայտնվեցինք կողք-կողքի, ինչպես աշխատանքի վայրում։ Այդպես ռեանիմացիայում մնացինք 5-6 օր, հետո ինձ տեղափոխեցին պալատ, երեք օր անց ընկերոջս էլ տեղափոխեցին պալատ, բայց թեստավորման արդյունքում մենք նույն օրը դուրս գրվեցինք»,- պատմում է քաղաքացին։
Ռ-ն պատմում է, որ այստեղ իրենից տարիքով մեծ ընկերն էլ սկսում է խնամել իրեն, փոխել իր՝ քրտինքից անընդհատ թրջվող շապիկները։
«Բուժքույրերն էլ, բժիշկներն էլ շատ հոգատար էին, մեզ հետ խոսում էին այնպես, կարծես իրենց պապիկներն էինք։ Մենք հոգաչափ շնորհակալ ենք նրանցից։ Դուրս գրվելուց էլ բոլորը պատշգամբներից նկարում էին, առողջություն ու հաջողություն էին մաղթում։ Շատ հուզիչ տեսարան էր, երբեք չեմ մոռանա»,- ասում է տարեց տղամարդը։
Հիվանդությունը հաղթահարած քաղաքացին հիվանդությունը կասկածի տակ դնողներին, դրան ու հետևանքներին չհավատացողներին փոխանցում է ռեանիմացիայում իր տեսածը։
«Ես ու իմ ընկերը շատ ծանր չենք տարել, կարողացել ենք հաղթահարել։ Այն, ինչ տեսել եմ, դժվար է բառերով ներկայացնել։ Ծանր վիճակում պառկած մարդիկ էին, ամեն մեկի կողքին 2-3 բժիշկ ու բուժքույր։ Այն մարդն, ով չի եղել այնտեղ, չի տեսել, գուցե չհավատա, չհասկանա։ Ես դա տեսել եմ։ Մի բան կասեմ, վատ բան է, պետք չէ, որ մեզանից որևէ մեկը հայտնվի այդ վիճակում, պետք չէ անտեսել վտանգը, մատների արանքով նայել դրան»,- նշում է նա։
Հիմա նա ապաքինվել է, առողջանալուց հետո ևս 14 օր պետք է լինի ինքնամեկուսացման մեջ։
Մի քիչ թույլ է զգում, բայց օր օրի ուժերը վերականգնվում են։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսից առողջացած տուն վերադարձան, տեսան դաշտը մշակած, հորթը՝ մեծացած
- Մարտունիում «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա