Ֆիզիկական անձանց անտոկոս վարկային արձակուրդ տրամադրելու առաջարկը մերժվեց
«Արտակարգ դրության պայմաններում առնվազն երեք ամսով պետք է վարկառու ֆիզիկական անձանց առանց տոկոսների հաշվարկման վարկային արձակուրդ տրամադրվի»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ներկայացնելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Նա մեջբերեց 2018 թվականի ապրիլի 15-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որտեղ նշվում էր՝ քաղաքացիները գտնվում են գերության մեջ, և ՀՀ հարյուր հազարարավոր քաղաքացիներ «ճկռում են» բանկային ժամկետնանց տոկոսների տակ։
«Այո, բանկային համակարգը պետք է ավելի մեծ վնաս կրի, քան վարկառուն, քանի որ դա ելնում է սոցիալական նկատառումներից։ Պետք է ժողովրդին պաշտպանել բանկային գայլական համակարգից, որը միշտ եղել է խնդիր։ Ես ինձ վրա եմ վերցնում բանկային համակարգի դեմ հանդիման դուրս գալու հարվածը՝ հուսալով, որ իշխանությունները ևս կաջակցեն ինձ։ Բայց ցավում եմ, որ հանձնաժողովում ընդամենը երեք դեմ և չորս ձեռնպահ ձայներով նախագիծը չստացավ դրական եզրակացություն»,- ասաց պատգամավորը։
Տ. Ուրիխանյանը նշեց, որ օրենքի նախագիծը հանձնաժողովում հավանության չարժանացավ զուտ քաղաքական դրդապատճառներից ելնելով.
«Իմ նախկին ընդդիմադիր գործընկեր և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պատգամավոր եղած ժամանակում բերեց օրենսդրական նախագիծ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, և դա ներկայացնում էր որպես քաղաքական դիրքորոշում։ Այդպիսին է իրավիճակը Հայաստանում»։
ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել։
«Եթե մենք ասում ենք, որ եռամսյա վարկային արձակուրդ ենք տրամադրում, դա նշանակում է, որ մենք մեր ավանդատուներին պետք է ասենք՝ ձեր ավանդների վրա երեք ամիս տոկոս չի հաշվարկվելու։ Ինչ վերաբերում է նախագծի հիմնավորվածությանը, ապա դրա տակ չկա որևէ տնտեսական հաշվարկ, և դրա տնտեսական հետևանքները տեսանելի չեն։ Նախագիծը պետք է որոշակի որակ ունենար, որպեսզի այն հետագայում լրամշակեինք, ցավոք, այն այդ որակն ի սկզբանե չուներ»,- շեշտեց Ս. Գրիգորյանը։
Արձագանքելով՝ Տ. Ուրիխանյանն ասաց. «Օ՜, իմ սիրելի իշխանական գործընկերներ, ինչո՞ւ եք պաշտպանում բանկերին։ Ավանդները պիտի տան, իսկ վարկերի տոկոսները օրենքի ուժով չպիտի հաշվարկեն։ Բանկերն ունեն գերշահույթներ, ի՞նչ կապ ունեն ավանդները։ Միլիոն 600 հազար վարկառու ունենք։ Այո, շատ են մարդիկ, որոնք ճկռում են տոկոսների տակ»։
78 դեմ և 29 կողմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծն օրակարգ չմտավ։