Օգոստոս-սեպտեմբեր ամիսներից հետո լրջագույն ճգնաժամ է լինելու. Մելքումյան
«Տեսնում ենք, որ խնդիրները չեն պակասում, ցավոք, ավելանում են, և դա լավ չի»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նա տեղեկացրեց, որ վերջերս իրեն են դիմել Ռուսաստանի տարբեր մարզերում և Ղազախստանում աշխատող հայ օդաչուներ, և մեծ մտահոգություն են հայտնել, որ չեն կարողանում երկխոսություն ունենալ ՀՀ կառավարության հետ։
«Այս ոլորտը, ինչպես տուրիզմը և հյուրանոցային ոլորտը ցավալի օրեր է ապրում։ Ես հնչեցնում եմ խնդիրը, իսկ հետագայում այդ օդաչուները Երևանում հանդիպումներ կանցկացնեն։ Պետք է ավիացիայի ոլորտի մեր մասնագիտական ներուժը ճիշտ օգտագործելու քայլեր ձեռնարկվեն»,- շեշտեց Մ. Մելքումյանը։
Նա տեղեկացրեց, որ ապրիլ ամսին տնտեսության ակտիվության անկումը եղել է -17%, մինչդեռ 2009-ի ճգնաժամի ընթացքում -14.1% է եղել։ Մ. Մելքումյանն ասաց, որ այս տնտեսական անկման ցուցանիշը շարունակվելու է։
«Մենք միշտ ասել ենք, որ ներարկվող ֆինանսական հոսքերը չեն փակում կորուստների անգամ 10%-ը։ Օգոստոս-սեպտեմբեր ամիսներից հետո լրջագույն ճգնաժամ է լինելու։ Մենք պետք է հակաճգնժամային կառավարման նոր մեթոդներ առաջ քաշենք»,-շեշտեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Տարբերություն չկա՝ մարդը սահմանին է զոհվում, թե հիվանդությունից. Իմքայլական պատգամավոր
- Իրապես հացի խնդիր է առաջացել. Գորգիսյան