ԱԺ նիստը մեկնարկեց պատգամավորների դիմակ կրել-չկրելու դիսկուրսով
Խորհրդարանը սկսել է հերթական նստաշրջանը։ Նիստի մեկնարկին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ ամբողջ նիստի ընթացքում պատգամավորները պետք է դիմակ կրե՞ն։
«Փակ տարածքում դիմակ կրելը պարետի որոշումն է, և եթե պատգամավորները դիմակ չկրեն, նրանց դո՞ւրս պետք է անեք դահլիճից»,- հարցրեց պատգամավորը։
ԱԺ նախագահ Ա. Միրզոյանն ասաց, որ յուրաքանչյուր պատգամավոր պետք է համավարակի դեմ պայքարում իր լուման ներդնի, բացի այն, որ իրավական տասանկյունից պարտադիր է դիմակ կրելը։
«Յուրաքանչյուրս պետք է պահպանենք կանոնները և մեր քաղաքացիների համար օրինակ ծառայենք։ ԶԼՄ-ները հրապարակում արեցին, որտեղ ես ինքս էլ փակ տարածքում դիմակով չէի, այո, ես սխալ եմ արել, մտածել եմ՝ Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է՝ թեև փակ դահլիճում, ու չեմ կրել դիմակը։ Ես ուզում եմ խոստովանել, որ դա սխալ էր»,- շեշտեց Ա. Միրզոյանը։
Արձագանքելով Է. Մարուքյանն ասաց, որ ԱԺ-ում դիմակով խոսելն անհարմար է, և այն չկրելը չի կարող համարվել կանոնների խախտում։
«Արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, և այստեղ պարետի որոշումները չեն կարող կիրարկվել, ուստի դիմակ չունենալու համար չեք կարող պատգամավորին դահլիճից դուրս հրավիրել, հետևաբար այդ որոշումը նորից պետք է քննարկվի։ Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, ապա բոլորս էլ կողմ ենք, որ փակ տարածքներում դիմակ կրենք, բայց խոսելու ժամանակ, կամ այն դեպքում, երբ սոցիալական հեռավորությունը պահպանված է, պատգամավորը թող ինքը որոշի՝ դիմակ կրել, թե ոչ։ Նաև հիշեցնեմ, որ ես առաջարկում էի՝ նիստերը մի քիչ ավելի սահմանափակ անենք, դուք հայրենասիրության դասեր էիք տալիս, թե մենք պիտի աշխատենք։ Հիմա ասում եք՝ ոնց որ էն ժամանակ սխալ ենք արել»,- նշեց Է. Մարուքյանը։
Ա. Միրզոյանն էլ տեղեկացրեց, որ ինքը կիրառելու է վերոնշյալ միջոցները, և դիմակ չկրելու համար պատգամավորներին դուրս է անելու դահլիճից. «Ես չեմ ամաչում խնդրել, որ նիստերի դահլիճում դիմակ կրեք։ Դա ընդունեք որպես խնդրանք, հակառակ դեպքում ես կիրառելու եմ որոշակի միջոցներ»։