ՄԻԵԴ պորտուգալացի դատավորը Մարգարյանի գործի մասին․ Ակնկալում եմ՝ այս ողբերգական դեպքը կբողոքարկվի Մեծ պալատում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Պորտուգալիան ներկայացնող դատավոր Պաուլո Պինտո դե Ալբաքերքն այսօր հրապարակված Գուրգեն Մարգարյանի սպանության գործով «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճռի հետ կապված ներկայացրել է մասնակի առանձին կարծիք՝ ունենալով 2 վերապահում։
Նշենք, որ վճռով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։ Վճռում ասվում է, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։ Ադրբեջանը չի կարողացել հերքել խտրականության վերաբերյալ ենթադրյալ պնդումները։ Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ՝ արված ծախսերի համար։ ՄԻԵԴ-ը Հունգարիայի հետ կապված խախտում չի արձանագրել։
Դատավորը գրել է, որ առաջին վերապահումը վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի սուբստանտիվ հիմքով դատարանի կողմից խախտման չարձանագրմանը։ Այսինքն, թե արդյոք Ադրբեջանը պատասխանատու է Գուրգեն Մարգարյանի սպանության ու Մակուչյանի սպանության փորձի համար։
Դատավորի երկրորդ վերապահումը կապված է մեծամասնության այն համոզմանը, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն Հունգարիայի կողմից ընթացակարգային խախտումներ չեն եղել (ՄԻԵԴ-ը Հունգարիայի հետ կապված խախտումներ չի արձանագրել.-խմբ․)։
Դատավորը, ներկայացնելով իրավական հիմքեր, գրում է, որ պետությունը պետք է պատասխանատու լինի մասնավոր անձի կողմից կատարված գործողությունների համար, եթե նա ճանաչել ու ընդունել է անձի վարքը՝ որպես իր սեփական։ Իսկ այս քայլի մասին է վկայում այն, որ Ադրբեջանը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին ու խրախուսել նրան։
«Ադրբեջանը ճանաչել ու ընդունել է Սաֆարովի վարքը՝ որպես սեփական վարք»,- գրել է դատավոր Պաուլո Պինտո դե Ալբաքերքը, հավելելով, որ Ադրբեջանը պետք է պատասխանատու լինի անօրինական ներում շնորհելու համար։
Հունգարիայի պատասխանատվության հետ կապված
Դատավորի երկրորդ վերապահումը Հունգարիայի նկատմամբ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային հիմքով խախտման չարձանագրումն է, փաստարկելով, որ Հունգարիան տեղյակ էր այն հավանականության մասին, որ Սաֆարովին ներում է շնորհվելու՝ մեջբերելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքերը, որ Սաֆարովի արտահանձնման հարցով կոորդինացիա է եղել ամբողջ կառավարությունում։
Դատավորը մեջբերում է նաև Հունգարիայի Հիմնարար իրավունքների հանձնակատարին, որն ասել է՝ Սաֆարովի արտահանձնումը հաստատվել է՝ նախքան Ադրբեջանի կողմից որևէ հավաստացումների։
Դատավորը, ներկայացնելով մի շարք այլ փաստեր Հունգարիայի կառավարության պատասխանատվության վերաբերյալ, եզրահանգում է, որ առկա է Ադրբեջանի ու Հունգարիայի կողմից համապատասխանաբար Կոնվենցիայի 2-րդ հոդվածի սուբստանտիվ և ընթացակարգային հիմքերով խախտումներ։
«Հաշվի առնելով սույն գործով հարուցված իրավական հարցերի ծայրաստիճան կարևոր և նոր բնույթը, ինչպես նաև փաստերի բարձրորակ բնույթը, «ծայրահեղ դաժան ատելության հանցագործությանը» ներում շնորհելը, և դրանցում ներգրավված անձանց, և հաշվի առնելով, որ գործը «բարձրացնում է ընդհանուր բնույթի հարցեր, որոնք ազդում են Կոնվենցիայի պահպանման վրա», ես կարող եմ ակնկալել, որ այս ողբերգական դեպքը կբողոքարկվի Մեծ պալատում՝ հետագա արտացոլման համար: Հուսով եմ, դիմումատուների համար մի օր լիարժեք արդարդատություն կիրականացվի»,- գրել է պորտուգալացի դատավոր Պաուլո Պինտո դե Ալբաքերքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան