«Զգոնություն ցուցաբերել ուսանողների անձնական տվյալները հրապարակելուց»
Ուսումնական տարվա ավարտին զուգընթաց Գործակալությունն ահազանգեր է ստանում, որ հեռավար դասընթացների ժամանակ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները (դեկանատի կամ ռեկտորատի աշխատակիցը, կամ դասախոսը՝ դեկանատի կամ ռեկտորատի անունից) առցանց լսարանի (մյուս ուսանողների) ներկայությամբ հայտնում են ուսման վարձը չվճարած ուսանողների անուններն ու ազգանունները, զգուշացնում վարձը վճարելու պայմանի եւ չվճարելու հետեւանքների մասին: Այդ մասին հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
«Պետք է նշել, որ մարդու սոցիալական վիճակի վերաբերյալ տեղեկությունն անձնական կյանքի տվյալ է, իսկ ուսանողի և բուհի միջև հարաբերությունները, այդ թվում վարձը վճարելու ուսանողի պարտականությունը, պայմանները և հետեւանքները տվյալ ուսանողի և բուհի միջև պայմանագրային մասնավոր հարաբերությունների կարգավորման դաշտում են, ուստի նույնպես որոշակիորեն գտնվում են ուսանողի անձնական կյանքի տիրույթում:
Վերոնշյալը հաշվի առնելով՝ Գործակալությունը գտնում է, որ ուսանողի սոցիալական վիճակի եւ անձնական կյանքի վերաբերյալ նման տեղեկությունները նման կերպ հրապարակային հայտնելն առերեւույթ խնդրահարույց է անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից այնքանով, որքանով հայտնի չէ ուսման վարձը չվճարելու փաստի, դրա պայմանների ու հետեւանքների մասին նման կերպ ուսանողին տեղեկացնելու (ծանուցելու, զգուշացնելու) կանոն սահմանող իրավական հիմք:
Ավելին, գտնում ենք, որ բուհի նկատմամբ ուսանողի ստանձնած պարտականությունը կատարելու (ուսման վարձը վճարելու) անհրաժեշտության եւ չվճարելու հետեւանքների մասին ուսանողին զգուշացնելու նպատակին հնարավոր է հասնել ուսանողի անձնական կյանքին ավելի նվազ միջամտող միջոցներով (օրինակ, առանձին զրույցով, անհատական ծանուցմամբ եւ այլն), այնինչ նման զգուշացումն ամբողջ լսարանի առջեւ իրականացնելու եւ այդպիսով ուսանողի անձնական կյանքի տվյալներն այլ անձանց հասանելի դարձնելու պարագայում առերեւույթ խախտվում է նաեւ անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքը։
Այս առիթով հորդորում ենք ուսումնական հաստատություններին զգոնություն ցուցաբերել ուսանողների անձնական տվյալները, հատկապես՝ անձնական կյանքի տվյալները մշակելիս, ձեռնպահ մնալ դրանց անհարկի և առանց իրավական հիմքի հրապարակումից և առաջնորդվել անձնական տվյալների մշակման սկզբունքներով»,- նշված է գործակալության հաղորդագրությունում։