Բանկերի միություն. 2020թ-ի առաջին եռամսյակում ավանդները նվազել են 39 մլրդ դրամով
Հայաստանյան բանկերը 2020թ. առաջին եռամսյակում արձանագրել են աճ հիմնական ցուցանիշների ուղղությամբ: Հայտարարեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն առցանց հարթակում կայացած մամուլի ասուլիսում։
Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով կամ 1.8%-ով, ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 18 մլրդ դրամով կամ 2.1%-ով, վարկային ներդրումները՝ շուրջ 19 մլրդ դրամով կամ 0.5%-ով:
Ընդհանուր պարտավորությունները նշված ժամանակահատվածում կազմել են 5.045 մլրդ դրամ, որը 2019թ. համեմատ աճել է 1.7%-ով:
2020թ-ի առաջին եռամսյակում ընդհանուր ավանդներն նվազել են 39 մլրդ դրամով կամ 1.1%-ով: Ավանդների կառուցվածքում ռեզիդենտների ցպահանջ ավանդները նվազել են 24 մլրդ դրամով կամ 3%-ով, ժամկետային ավանդներն աճել են 43 մլրդ դրամով կամ 2.5%-ով:
Նույն ժամանակահատվածում ռեզիդենտ իրավաբանական անձանց ավանդներն աճել են 6 մլրդ դրամով կամ 0.7%-ով, իսկ ֆիզ. անձանց ավանդներն աճել են 10 մլրդ դրամով կամ 0.6%-ով:
2020թ-ի առաջին եռամսյակում բանկային համակարգն ապահովել է 23.3 մլրդ դրամի շահույթ, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 7.2 մլրդ դրամով:
Ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակին վճարային քարտերի քանակը կազմել է 2 460 333, որը 2019թ-ի համեմատ ավելացել է 2.9%-ով:
Վճարային քարտերով կատարվել է 18 154 229 գործարք, որը 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ` (13 570 034) ավելացել է 33.8%-ով: Իսկ քարտերով գործարքների ծավալը կազմել է 592 174 մլն ՀՀ դրամ, որը 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ (481 785 մլն դրամ) ավելացել է 22.9%-ով:
2020թ-ի առաջին եռամսյակում կանխիկ գործարքների քանակը կազմել է 7 784 894, որը 2019թ-ի առաջին եռամսյակի (7 602 159) համեմատ աճել է 2.4%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 10 369 335, որը 2019թ-ի առաջին եռամսյակի (5 967 875) համեմատ աճել է 73.6%-ով:
2020թ-ի առաջին եռամսյակում կանխիկ գործարքների ծավալը կազմել է 415 589 մլն դրամ, որը 2019թ-ի առաջին եռամսյակի (366 690 մլն դրամ) համեմատ աճել է 13.3%-ով, իսկ անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 176 585 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ (115 095 մլն դրամ) համեմատ աճել է 53.4%-ով:
Ինչ վերաբերում է բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումներին, ապա միության ղեկավարի ներկայացրած տվյալների համաձայն, 2020թ-ի առաջին եռամսյակում արտասահմանից ստացումների ծավալը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 37 մլն դոլարով կամ 9.7%-ով՝ կազմելով 354 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Արտասահման փոխանցումների ծավալը նվազել է շուրջ 20 մլն դոլարով կամ 7.1%-ով՝ կազմելով 266 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, իսկ ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 17 մլն դոլարով կամ 16.7%-ով՝ կազմելով 87մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: