Կորոնավիրուսի՝ տնային թեստեր չեն արվում
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռ անցած շաբաթ էր խոսել այն մասին, որ հյուրանոցներում և հիվանդանոցներում գտնվող թեթև կամ առանց սիմպտոմների կորոնավիրուսով վարակված պացիենտներին կուղարկեն տուն, որպեսզի նրանք շարունակեն իրենց փաստացի ինքնամեկուսացումն առողջության առաջնային պահպանման հաստատությունների հսկողության ներքո։ Մայիսի 21-ին նախարարն արդեն հրաման է ստորագրել՝ «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին»։ Ըստ դրա՝ առողջության առաջնային պահպանման հաստատությունները (ԱԱՊ հաստատություն), կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, կազմակերպում են նմուշառում։ ԱԱՊ հաստատության սպասարկող ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում COVID-19 պացիենտի հետ, ճշտում է գանգատները, ուղեկցող հիվանդությունները: Ելնելով հաստատված COVID-19 պացիենտի գանգատներից, որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա որոշում է կայացնում հոսպիտալացման անհրաժեշտության մասին:
Panorama.am-ը առողջապահության նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանից տեղեկացավ, որ տնային թեստեր չեն անում, պոլիկլինիկան է որոշում կայացնում՝ եթե քաղաքացին պետք է թեստավորվի, ուղեգիր է տալիս իրեն համապատասխան վայրում թեստավորում անցնելու համար։
Նրա խոսքով, դրական թեստով, բայց հիվանդանոց կամ հյուրանոց չտեղափոխված պացիենտի վիճակի մասին բուժաշխատողները տեղեկատվություն են ստանում զանգի կամ այցի միջոցով, բայց հիմնականում զանգի, եթե վիճակի վատթարացում է լինում, բժիշկները կարող են այցելել։
«Այն մարդիկ, որոնք մեր որոշմամբ տանն են գտնվում, եթե լինեին հյուրանոցում կամ հիվանդանոցում, բուժում չէին էլ ստանալու։ Դեղորայք տրամադրվում է այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում՝ թոքաբորբի, բարձր ջերմության, մնացած դեպքերում, եթե թեստը դրական է, բայց ասպիմպտոմ է, որևէ բուժում չի տրամադրվում»,- ասաց Ա. Նիկողոսյանը։
Նախարարի հրամանի համաձայն՝ հաստատված COVID-19-ի անախտանիշ կամ թեթև ընթացքի և բարդությունների զարգացման ռիսկը բարձրացնող ուղեկցող հիվանդությունների/վիճակների (քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն) բացակայության դեպքում մինչև 60 տարեկան պացիենտի բժշկական հսկողությունն իրականացվում է տնային պայմաններում:
Թեթև կլինիկական ընթացքին հիմնականում բնորոշ է սուբֆեբրիլ ջերմություն, հազ, թուլություն և գլխացավ, սակայն հնարավոր են նաև հետևյալ կլինիկական դրսևորումները՝ ցավ բկանցքում, հարբուխ, փսխում, լուծ, հոտառության կորուստ (անոսմիա, 30-60%), համի կորուստ, շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ):
Թեթև կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտների մոտ կլինիկական նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից՝ ստորին շնչուղիների ախտահարման պատճառով: Ընդ որում թեթև ձևերը շուրջ 10-15% դեպքերում հարաճում են ծանրի, ուստի բոլոր պացիենտները պետք է մշտադիտարկվեն: Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով ԱԱՊ մասնագետները մշտադիտարկում են պացիենտի և պացիենտի հետ բնակվող անձանց առողջական վիճակը՝ առողջական վիճակի վատթարացումը (մարմնի ջերմաստիճանը 38.0°C-ից, դժվարացած շնչառություն/հևոց, հազի զարգացում կամ ուժեղացում) ժամանակին հայտնաբերելու և անհրաժեշտության դեպքում հոսպիտալացման ուղեգրելու նպատակով:
Թեթև կլինիկական ընթացքի դեպքում (առանց նշված ռիսկի գործոնների և առանց շնչառության խանգարման), հեռահար հնարավոր է դեղամիջոցների նշանակում ԱԱՊ բժշկի կողմից պացիենտին (պարացետամոլը սովորական դեղաչափով կարող է նախընտրելի լինել որպես ցավազրկող /ջերմիջեցնող սիմպտոմատիկ բուժում):
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյան. Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ
- Արսեն Թորոսյան. Հնարավոր է գնանք խորը սորտավորման
- Թորոսյան. Դեպքերի աճին զուգընթաց ավելանում են ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը (լրացված)
- Թորոսյան. Կորոնավիրուսի թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ վերադառնալու են տուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան