Իվետա Տոնոյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը համեմատեց «Կոկա-Կոլա»-ի գովազդի հետ
«Խորհրդարանական մեծամասնության կողմից նախաձեռնվող Սահմանադրական դատարանի հետ կապված հավերժական այս գործընթացը ինձ մոտ «Կոկա-Կոլա»-ի շատ հայտնի գովազդի տրամաբանությունն է հիշեցնում, որտեղ նշվում էր՝ կրկին փորձիր»,-հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
Պատգամավորը նկատեց, որ, կյանքի ու մահվան գնով իշխանությունը նախաձեռնեց Սահմանադրական հանարքվեն, ֆիքսեց օրը և արտակարգ դրության պատճառով այն հետաձգվեց:
Իվետա Տոնոյանը, շեշտելով, որ խորհրդարանական մեծամասնությունը փորձում է ապացուցել, որ նախագիծը չի տարածվում ապրիլի 5-ի հանրաքվեի վրա՝ շեշտեց. «Ինչպես դասականն էր ասում, չեմ հավատում, որովհետև եթե այդպես է, այս նախագիծը կարող էիք ներկայացնել այս հանրաքվեի անցկացումից հետո»:
Ըստ պատգամավորի, օրենսդրական նախաձեռնությամբ ՍԴ-ի լիազորությունների շրջանակը անփոփոխելի հոդվածների մասով շեշտակիորեն նեղացվում է:
Նկատելով, որ ներկայացվող կարևոր հարցը հապճեպ է քննարկվում՝ Իվետա տոնոյանը հանդես եկավ կոչով. «Ես հորդորում եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունն ավելի լուրջ մոտեցում ցուցաբերեն իենց իսկ նախաձեռնություններին, հակառակ դեպքում նորից բախվելու ենք «Կոկա-Կոլա»-ի գովազդի տրամաբանությանը և դուք պարբերաբար ստիպված եք լինելու կրկին փորձելու»: