ԿԲ պաշտոնյա. Այս պահին էլ ֆինանսական համակարգը բավական իրացվելի է
2019-ը եղել է բավականին հաջող տարի թե տնտեսության, թե ֆինանսական համակարգի զարգացման առումով։ Օնլայն ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»։
Նրա խոսքով, 2018-ին արձանագրված միկտումները կայուն կերպով շարունակվել են՝ ֆինանսական համակարգում ստեղծելով ընդհանուր առմամբ բարեկեցիկ վիճակ։
«Բանկերը ցուցաբերել են կայուն աճի շարունակական միտում, խոսքը վերաբերում է թե ակտիվներին, թե պարտավարություններին, թե կապիտալին ու ներդրված ավանդներին։ Բավականին լավ դինամիկա ունենք»,-ասաց Ա. Գրիգորյանը։
Նա նշեց, որ նախորդ տարում ավելացել է տնային տնտեսություններին տրամադրված վարկերի ծավալը՝ հատկապես հիպոթեքային վարկերինը։
ԿԲ ներկայացուցիչն ասաց՝ հետևում են այս վարկերի վարքագծին, որպեսզի հետագայում դրանք բեռ չդառնան ոչ տնային տնտեսությունների, ոչ էլ ֆինանսական համակարգի համար։ Ուսումնասիրությունների արդյունքում հանգել են եզրակացության, որ այս առումով խնդիր չկա։
Ա. Գրիգորյանի խոսքով, ենթակառուցվածքների զարգացումը շարունակվում է, 2019-ին էլ բանկերն ունեցել են մեծ իրացվելիություն։
«Հենց այդ իրացվելիությունն էր, որ հնարավորություն տվեց ֆինանսական կազմակերպություններին արագ կերպով արձագանքելու համավարակի ստեղծած ռիսկերին տնտեսության ու համաքաղաքացիների համար»,-մանրամասնեց նա։
ԿԲ պաշտոնյան ընդգծեց, որ 2020-ը սկսել են մեծ ձեռքբերումներով, նոր տեսակի գործիքների ներդրմամբ, ռիսկերը եղել են կառավարելի։ Բայց հետո ստեղծվեց համավարակով պայմանավորված իրավիճակը, որին առաջինն արձագանքեցին բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները։
«Կարող եմ ասել, որ այս պահին շուրջ 540 հազար ֆիզիկական ու 17 հազար իրավաբանական անձանց տրամադրված վարկերի էական վերանայումներ են եղել։ Շուրջ երեք ամիս քաղաքացիներն ունեցել են հնարավորություն չմարել իրենց վարկային պարտավարությունները՝ հաճախորդների ու տնտեսվարողների համար ֆինանսական բեռ չդարձնելու համար։ Սա տեղի է ունեցել այն պայմաններում, որ որևէ հաճախորդի վարկային պատմության վաթարացում չպետք է լինի»,-ասաց նա։
ԿԲ պաշտոնյայի խոսքով, այս պահին էլ ֆինանսական համակարգը բավականին իրացվելի է ու շատ հանգիստ կարող է սպասարկել թե վարկառուներին, թե ավանդատուներին։
«ԿԲ-ն բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելի միջոցներ, եթե նման խնդիր կլինի։ Հուսով եմ՝ չի լինի»,-նշեց Գրիգորյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին