Բանկային երաշխիքը չի վերացվելու.Փաշինյան
Պանդեմիայով պայմանավորված՝ ճգնաժամային իրավիճակ ենք ապրում և այս իրավիճակում պետության կողմից երկու կարևոր գործառույթ կար, որ պետք է իրականացվեր՝ առաջինը քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրերն էին, որոնք թվով շատ են, բայց արդյունավետության տեսանկյունից խնդրահարույց են, սա փաստ է, և բոլոր քաղաքացիներն են դա տեսնում, և երկրորդը՝ կապիտալ շինարարության հարցերն են: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հետաքրքրվելով, թե ե՞րբ է ի վերջո այս ամենը լինելու:
Ի պատասխան ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատգամավորը բոլոր քաղաքացիների անունից խոսելու իրավունք չունի։
«Առնվազն շատ քաղաքացիներ նամակներով դիմում են մեզ և շնորհակալություն են հայտնում աջակցության համար: Ես կարծում եմ՝ ձեր խմբակցությունը պետք է կողմնորոշվի: Նոր մի պատգամավոր հարց էր տալիս, ասում էր՝ կեղծ երաշխիքներ են ներկայացրել, ակնարկում էր, որ այդտեղ ծանոթ-բարեկամ ինչ-որ կապեր կան: Եթե այդպիսի ծանոթ-բարեկամ կապեր կան ազդեցիկ, ի՞նչն էր խանգարում, որ այդ կապերն ազդեին, որ այդ երաշխիքի ինստիտուտը չմտներ, որ կեղծ երաշխիք չներկայացնեին, չբռնվեին և քրեական պատասխանատվության չենթարկվեին: Այդ երաշխիքի ինստիտուտի մասին պարզ ասել եմ՝ չի վերացվելու: Նրանք, ովքեր ուզում են վերացվի, նրանք լոբբինգ են անում, որ Հայաստանում ասֆալտի ատկատկների մեխանիզմը շարունակվի: Ես չգիտեմ՝ հիմա գուցե իշխանությանը ատկատ այլևս չեն տալիս, սկսել են ատկատ տալ ընդդիմությանը, բայց դա չի վերացվելու, ուզում եք դրա մասին հազար անգամ հարցրեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, այն ժամանակ երբ կանխատեսվում էր, որ բոլոր կապիտալ շինարարությունները կկանգնեն, բայց ըստ պլանի ընթանում են։
«Կամ ձեր խմբակցության ուրիշ պատգամավոր հարց է տալիս, ասում է՝ փոքր գործերը տալ փոքր ընկերություններին, մեկը կարող է բացատրել, մեծ ընկերությունը փոքր գործով ինչո՞ւ պետք է հետաքրքրված լինի։ Էլի ասում եմ այս ամբիոնից երևի արդեն 30-րդ անգամ, ՀՀ-ում պետական գնումների 85 տոկոսը, մինչև 10 միլիոն դրամանոց գնումներն են, մեր կարգավորումներով մինչև 10 միլիոն դրամանոց գնումների համար բանկային երաշխիք չի պահանջվում։ Կապիտալ շինարարությունը սկսել է և մեծ թափով է սկսել։ Այսօր դպրոցաշինություն է իրականանում, բազմապիսի կապիտալ շինարարություններ են իրականանում և դրանց ծավալներն ավելանալու են։ Չի կարող որևէ մեկն ավելի շահագրգիռ լինել այդ պրոցեսով, քան ՀՀ կառավարությունը: Իսկ այդ բանկային երաշխիքը չի վերացվելու, չի վերացվելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։