Քաղաքացիների մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն
Մեկ շաբաթում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ը այսօր կփակվի՝ պարետի որոշմամբ։ Կառավարության նիստում հայտարարեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Նրա խոսքով, առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթում դադարեցվել է 290 տնտեսվարող սուբյեկտների գործունեություն 24 ժամյա ռեժիմով։ Ընդհանուր, 823 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել։
Ա. Ասոյանն ասաց, որ հսկողություն է իրականացվում մանկապարտեզներում, փակված մանկապարտեզ չկա։ Մանիտորինգի արդյունքում շուրջ 120 մանկապարտեզների հաճախության ցուցանիշը շատ ցածր է։ Ընդհանուր հաճախում է երեխաների մոտ 8,3 տոկոսը։
ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն ասաց, որ ոստիկանությունն արձանագրություններ է կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան հոդվածով նախատեսված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար։ Ընդհանուր կազմվել է 966 արձանագրություն. քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում սահմանված կանոնների չպահպանման փաստով կազմվել է 657 արձանագրություն, որից 594-ը տաքսու վարորդների նկատամամբ, 63-ը՝ հանրային տրանսպորտի վարորդների և տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ։ Երեկ արդեն 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ է կազմվել վարչական արձանագրություն, որոնց մեջ եղել են միևնույն ընտանիք անդամ կամ առհասարակ քաղաքացիներ, որոնք երթևեկել են առանց պահաջների պահպանման։
Ոստիկանապետն ասաց, որ այսօրվանից հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղակայավել են համապատասխան թվաքանակով անցակետեր, որտեղ նույնպես կստուգնվեն կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը և դրանց կտրվի համարժեք իրավական գնահատական։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կարծիքով, վարակի տարածման առումով առաջիկա 4 օրերը վտանգավոր են լինելու, հանգստյան օրեր են, տեղեկություններ ունեն, որ մասնավորապես ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են նախատեսել, թեպետ իրենք ուսումնական հաստատություններին զգուշացրել են, որ նման միջոցառումներ չիրականացվեն․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս դեպքում պատասխանատվությունը պետք է դնել համայնքի ղեկավարաների ու դպրոցների տնօրենների վրա։
«Երբ տեղեկություններ հավաքվեն, ովքեր նման միջոցառումներ են արել, պետք է որոշակի հետևանք ունենա նրանց հետագա գոծունեության գնահատականի վերաբերյալ։ Նաև ոստիկանությունը որոշակի հսկողական դերակատարում պետք է ունենա»,- ասաց Ն. Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ Հայաստանում կան կորոնավիրուսի հազարավոր վարակակիր քաղաքացիներ, որ նույնիսկ իրենք չգիտեն, որ վարակակիր են։
«Այս հիվանդության առանձնահատկություններից մեկը հետևյալն է, որ ինքը շատ մեծ դեպքերով զուգորդվում է ասիմպտոմ, այսինքն՝ առանց որևէ ախտանիշի։ Այսօր այս դահլիճում կարող են լինել մարդիկ, ովքեր վարակակիր են ու իրենք էլ չգիտեն դրա մասին։ Երբ խոսք է գնում դիմակների մասին, ասում են՝ «բա էն ժամանակ ասում էիք, որ հիվանդներին է հարկավոր դիմակ»։ Այո, երբ երկրում կա հարյուր հիվանդ, այդպես է, բայց երբ երկրում կա կորոնավիրուսով հիվանդ հազարավոր մարդ ու նույնիսկ հիվանդները չգիտեն, որ վարակակիր են, հենց այդ նպատակով է օգտագործվում դիմակը», - ասաց նա։
Ն. Փաշինյանն ասաց, որ այսօր եթե երկրում կա 7 հազար ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 հազար վարակակիր։
«Դրանց իննսուն տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է ու չգիտի, որ կարող է վարակել ուրիշներին», - նշեց վարչապետը։
Ն. Փաշինյանն ասաց, որ դիմակ կրելը պետք է լինի դեռ ֆակտո պատադիր։
«Եթե մեր այս ուղերձը չընդունվի, դե յուրե պարտադիր կդարձնենք ընդհանրապես բոլոր տեղերում։ Եթե առանց դիմակի մարդ կա, պետք է տուգանվի։
Մեր հիմնական գործիքը մենք համարում ենք քաղաքացու անձնական պատասխանատվությունը։ Եթե կանոնները չպահպանվեն, մենք դիմակի կրումը բոլոր տեղերում կդարձնենք պարտադիր առանց բացառության ու դեռ հարցի մեջ կդրվի՝ տանը դիմակները պարտադիր կդարձնե՞նք, թե՞ չէ։ Սա մի քիչ, բնականաբար, չափազանցնում եմ», - ասաց վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Հայաստանում կորոնովիրուսից մեկ օրում մահացել է այնքան մարդ, որքան համավարակի ողջ ընթացքում Վրաստանում
- Փաշինյան. Մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ
- 27.05.2020. 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք
- Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ
- 26.05.2020. Կորոնավիրուսի 289 նոր և մահվան 4 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին