Մինչև ճգնաժամը տուրիստական ընկերությունները կուտակել էին 400 մլն դրամի կանխավճար. Էնֆիաջյան
Պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր հարց ու պատասխանի ժամանակ կառավարության ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ տուրիզմի ոլորտում կան ընկերություններ, որոնք վաճառել են շուրջ 1600 ավիատոմս՝ ընդհանուր թվով 400 մլն դրամի չափով, կանխավճար են ստացել և ներկայում կանգնած են լուրջ խնդիրների առաջ:
Պատգամավորը հայտնեց, որ տուրիզմի ոլորտի խնդիրները գույքագրել են կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել 250 կազմակերպություն, սակայն հաշվի առնելով արտակարգ դրության ռեժիմը, հանդիպմանը հրավիրել էին 150-ին:
ԱԺ փոխխոսնակը շեշտեց՝ հիմնական խնդիրն այն է, որ այդ ընկերությունների զգալի հատվածը չի կարողացել պատկան մարմինների հետ կապ հաստատել և հարցրեց, թե կառավարությունը ինչ է անում նրանց խնդիրները մեղմելու համար:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ խորհրդարանական քննարկումից անմիջապես հետո հանդիպել են այն կազմակերպությունների հետ, որոնք արդարացիորեն բարձրաձայնում են իրենց ոլորտներում դեռևս չկարգավորված հարցերի մասին:
Նախարարը նշեց, որ այդ խնդիրները կարգավորելու համար կառավարությունը 2 հիմնական միջոցառում է իրականացրել: Առաջին՝ բանկային վարկավորում է իրականացվել ֆինանսական միջոցների կարիք ունեցողներին և 3-րդ ծրագրի շրջանակներում զբոսաշրջության երեք ոլորտների՝ հանրային սննդի, հյուրանոցային ու հյուրատնային ծառայությունների և զբոսավարների ծառայությունների համար կազմակերպվել է պարզեցված եղանակով՝ առանց ֆինանսական կազմակերպությունների միջնորդության վարկավորում:
Ըստ նախարարի, աջակցության հիմքում դրել են երկու էական պահանջ, որ նրանք պետք է ունենային բարվոք հարկային պատմություն և ֆինանսական հատվածի նկատմամբ ունենային կատարված պարտավորություններ:
Ոլորտի 800 շահառու կազմակերպություններից, ըստ Տիգրան Խաչատրյանի, ծառայություն են իրականացնում մոտ 1/3-ը՝ 270 կազմակերպությունններ և 3-րդ միջոցառման շրջանակներում 2.7 միլիարդի չափով վարկային միջոցներ են տրամադրվել, իսկ առաջին միջոցառման շրջանակներում 800 մլն դրամ է հատկացվել:
Նախարարը հայտնեց, որ այդ կազմակերպությունները գիտեն դա և գնահատում են, բայց կան նաև չլուծված հարցեր:
Էնֆիաջյանն արձագանքեց, որ ռազմավարություն պետք է ներկայացվի, որպեսզի ընկերությունների ներկան ու ապագան կանխատեսելի լինեն, և հայտնեց, որ իր ձեռքի տակ կա առաջարկությունների փաթեթ՝ ուղղված վարչապետին, պարետին և Տիգրան Խաչատրյանի:
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց նաև տուրիզմի ոլորտի ընկերությունների ներկայացրած հիմնական երկու խնդիրը:
Ըստ նրա, ոլորտի տնտեսվարողները հայտնել են, որ իրենց հարկային արտոնություն է պետք, իսկ կառավարությունը պարզաբանել է, որ հարկային արտոնություն որևէ ոլորտի չեն տալիս, որովհետև դրանք նախատեսված են խոցելի խմբի ընկերությունների համար, և եթե հարկային արտոնություն տան, ապա շատ այլ ուրիշ կազմակերպություններ էլ կօգտվեն:
Ըստ նախարարի, ընկերությունները նշել են նաև, որ բանկերի նկատմամբ ունեն որոշ պարտավորություններ, որոնք, իրենց տեսանկյունից, խնդրահարույց են:
Տիգրան Խաչատրյանը հավաստիացրեց, որ այդ խնդիրները գրառել են և առաջիկայում դիտարկում են՝ ինչ-որ լուծումներ գտնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին