Գերմանիայի դիրքորոշումը ԼՂ հարցում հստակ արտահայտվել է բազմաթիվ մակարդակներում․ Մնացականյան
Վերջին շրջանում կրկին ականատես ենք լինում, որ ադրբեջանական հակահայ քաղաքականությունն ակտիվացել է։ Այս մասին այսօր Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Հետևում եմ միջազգային մամուլին, մի քանի հոդվածներ են հրատարակվել հակահայ բովադակությամբ։ Նրանցից մեկում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն էր հակահայ նյութ հրապարակել։ Վերջերս էլ Գերմանիայի ԱԳ նախարարության կայքում սուր արտահայտություններով նյութ էր հրապարակվել, որում կոչ էր արվում Գերմանիայի քաղաքացիներին Արցախ չայցելել, այցելելիս էլ պետք է տեղյակ լինեն, որ կարող են քրեական հետապնդման ենթարկվել: Նման հայտարարություն չեմ հիշում, որ մեկ այլ ԱԳՆ մեր բարեկամ երկրներից արած լինի։ Ուզում եմ հասկանալ, թե մեր դիվանագիտական կորպուսն ինչպես է մտադիր աշխատել նման խնդիրների հետ և արդյոք այս սրացումներին մենք համարժեք արձագանքում ենք»,- հարցրեց Տարոն Սիմոնյանը:
Հարցին ի պատասխան Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց.
«Կարծես թե՝ նորություն է Ձեզ համար։ Վստահեցնում եմ, որ այդ հոդվածները չեն շատանում, դրանք շատ են և շատ են լինելու: Սա իրականությունն է, և սա եղել է միշտ։ Դրա համար որևէ զարմանալու բան չկա, մենք դրան ամեն օր ենք առնչվում՝ տարբեր ձևաչափերով: Դուք իրականում մասնակից եք այդ գործընթացին, քարոզչական այդ հակամարտությանը, մրցակցությանը, քանի որ խորհրդարանական հարթակներում դա տեղի է ունենում մշտապես: Դա քարոզչական մրցակցության գործընթաց է: Դա չի սկսվել այսօր և չի ավարտվելու վաղը»։
Ինչ վերաբերում է «Վաշինգթոն թայմսի» հոդվածին, նախարարն ասաց. «Ես հասկանում եմ, որ Դուք նկատեցիք այդ հոդվածը, բայց երևի թե երկու օր առաջ չեք նկատել մի այլ հոդված այդ նույն «Վաշինգտոն թայմս»-ում, որը հակադարձում էր այդ հոդվածին: Եվ այդ հոդվածը գրվել էր ԱՄՆ քաղաքացու կողմից, որը փախստական է Ադրբեջանից: Սա զուտ օրինակ է այդ մրցակցության»։
Անդրադառնալով Գերմանիայի ԱԳ նախարարության ճանապարհորդությունների հետ կապված զգուշացումներին, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ սա նույնպես նոր չէ, բայց խնդրեց չդատել գործընկերների դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հարցում ճանապարհորդությունների հորդորների միջոցով։
«Դուք նշեցիք Գերմանիան, Գերմանիայի դիրքորոշումը ԼՂ հարցում առավել քան հստակ արտահայտված է բազմաթիվ մակարդակներով: Մինչև այս դիմակային վիճակը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած այցի ժամանակ և կանցլերի հետ հանդիպման ժամանակ այդ դիրքորոշումը ևս մեկ անգամ արտահայտվել է»,- ընդգծեց նախարարը։
Տարոն Սիմոնյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ եթե մեկ հակահայ հոդված է տպագրվում, ապա իրավունք ունի մեղադրելու դիվանագիտական կորպուսին պասիվ աշխատանքի համար և ակնկալել ավելի ակտիվ աշխատանք.
«Եթե հակահայ մեկ հոդված է տպագրվում, ակնկալում եմ, որ ստանանք առնվազն 10 իրականությունը բացահայտող հոդված մեր դիվանագիտական կորպուսից»։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ինքն ամենևին քննադատելու նպատակ չուներ։
«Ես նպատակ չունեի Ձեզ քննադատելու, այլ նպատակ ունեի բոլորիս ուշադրությունը սևեռելու այն փաստի վրա, որ մրցակցությունը քարոզչական դաշտում եղել և մնում է մշտական գործառույթ: Ես ինձ հատկացված 30 վայրկյանում չեմ կարողանա ներկայացնել դիվանագիտական կորպուսի կատարած աշխատանքի ամբողջ ծավալը, բայց ասացի, որ նույն «Վաշինգտոն թայմսում» հոդված է հրապարակվել: Դա դիվանագիտական կորպուսից չի դուրս եկել, բայց դուրս է եկել: Նաև խորհրդարանական հարթակներում մենք ունենք աշխատանքի լավ փորձ՝ այդ քարոզչությանն առնչվելու առումով և կառուցելու մեր քաղաքական գիծը: Այստեղ ԱԳՆ-ի և խորհրդարանի միջև կա ձևավորված բավական լավ համագործակցություն»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան