«Փաստ». Հիմա արդեն մարդիկ ավելի շատ անհարմար են զգում պաշտպանել իշխանություններին. Վարկանիշը նվազել է
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին շատ է խոսվում իշխանությունների վարկանիշի նվազման մասին։ Դրա համար բավական է դուրս գալ ֆեյսբուքի ֆեյքապատումներից: Թեպետ սոցցանցերում ևս վիճակը մխիթարական չէ, ու ֆեյքերն էլ չեն օգնում: Հիմա արդեն մարդիկ ավելի շատ անհարմար են զգում պաշտպանել իշխանություններին: Իսկ մի քանի «մշտական» սատելիտների հոգնեցնող ստատուսները հակառակ էֆեկտն են տալիս: Այնինչ ընդամենը մեկուկես տարի առաջ հակառակ պատկերն էր: Խնդիրն այն է, որ քաղաքացիները բազմաթիվ ակնկալիքներ ունեին Փաշինյանի իշխանությունից, ինչն իրականություն չի դարձել։
Բնակչության սոցիալական վիճակն ու կենսապայմանները Փաշինյանի կառավարման երկու տարվա ընթացքում այդպես էլ դրականորեն չեն փոխվել: Նույնիսկ ընդհակառակը: Երկու տարի շարունակ իշխանությունները տարփողում են «տնտեսական հեղափոխության» մասին լոզունգը, սակայն տնտեսության մեջ ոչ միայն թռիչքաձև, այլև ընդհանրապես զարգացում չկա։ Ընդ որում, խոսքը նախակորոնավիրուսային շրջանի մասին է:
Իսկ ահա այս օրերին կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի եզրին։ Ելնելով ընթացիկ զարգացումներից՝ պարզ է դառնում, որ այսպիսի իրավիճակը երկար է տևելու։ Եվ պատահական չէ, որ երկու ամիս տևած կարանտինային ռեժիմը ոչ արդյունավետ օգտագործվեց, ու համավարակը ինտենսիվորեն տարածվում է՝ պետության համար ստեղծելով նորանոր խնդիրներ։ Ուստի այս պայմաններում բնական է, որ իշխանությունների հանրային վստահության մակարդակը պետք է նվազեր։
Ու ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ հանրային վստահությունը փոփոխական կատեգորիա է։ Եվ եթե մի քաղաքական ուժի հաջողվում է ընտրությունների ժամանակ ստանալ բնակչության մեծամասնության վստահության քվեն, ապա դա չի նշանակում, որ այդ վստահության մակարդակը միշտ պահպանվելու է։ Փորձը ցույց է տալիս, որ բարձր վարկանիշը նվազելու միտում ունի, որը տեսանելի է դառնում հատկապես այն ժամանակ, երբ ժողովրդի վստահության քվեին արժանացած քաղաքական ուժը չի կարողանում կատարել իր խոստումները, զարգացնել երկրի տնտեսությունը և բավարարել հանրության ակնկալիքները։
Եվ քանի որ Փաշինյանի կառավարությունը ճգնաժամային կառավարման գործում չի կարողանում հաջողությունների հասնել, ապա կտրուկ փոխվում են հանրային ընկալումները վերջինիս նկատմամբ։ Ու այն մարդիկ, որոնք 2018 թ. իշխանափոխության օրերին անվերապահորեն սատարում էին Նիկոլ Փաշինյանին և «դուխով» նկարներ տարածում սոցցանցերի իրենց էջերում, հիմա սկսել են բողոքել, թե իշխող ուժը զուրկ է մասնագիտական բարձր որակներից, ի վիճակի չէ երկիրը դուրս հանել ստեղծված իրավիճակից և այլն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան