ԱԺ-ում խնդրեցին դեմ քվեարկել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի ներդրմանը վերաբերող նախագծին
Ազգային ժողովի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը խնդրեց խորհրդարանին դեմ քվեարկել կառավարության կողմից ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին հարցին։
Նա նշեց, որ անհրաժեշտ է ևս մեկ անգամ քննարկել ժամկետների ռեժիմը ու նախագծի լրամշակված տարբերակը երկրորդ ընթերցմամբ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը։
Զեկուցող Ս. Սաիյանն ասաց, որ այս նախագծով խոսքը վերաբերում է կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի ներդրմանը, մասնավորապես, նախատեսվում է որպես կենսաթոշակի հիմնական եղանակ սահմանել անկանխիկ՝ բանկային հաշվի միջոցով վճարման եղանակը, բացառություններ սահմանելով որոշակի կատեգորիայի անձանց համար։
Այդ բացառությունների շրջանակում այդ անձինք կարող են իրենց կենսաթոշակը ստանալ իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով։
«Առաջինից երկորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկումների արդյունքում որոշվել էր համակարգի ներդրման մեկնարկի ամսաթիվը տեղաշարժել երկու ամսով ու սահմանել 2020 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այս տարբերակն արժանացել էր համապատասխան հանձնաժողովի դրական եզարակացությանը, սակայն նիստից հետո քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ամբողջ գործընթացը հետաձգել վեց ամսով, այլ ոչ թե միայն մեկնարկը երկու ամսով, ինչպես ներկայացված է երկրորդ ընթերցմամբ ձեզ տրամադրված տարբերակում։ Պետք է խնդրենք դեմ քվեարկել այս տարբերակին, որպեսզի կարողանանք ևս մեկ անգամ քննարկել ժամկետների ռեժիմը, ու լրամշակված տարբերակը երկրորդ ընթերցմամբ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը»,- ասաց փոխնախարարը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանն ուրախ է, որ հետ է կանչվում այս նախագիծը, քանի որ, նրա խոսքով, աշխատելու տեղ կա գոնե ժամանակների հետ կապված։
«Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարումը կարող է ժամանակին համահունչ քայլ համարվել, բայց այն երկրներում, որտեղ համայքներում զարգանում է անկախիկ առևտուրը։ Հեռավոր բնակավայրերը երթևեկելի ճանապարհներ չունենալու ու հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով կտրված են համայնքների կենտրոններից, որտեղ կան ընդամենը մի քանի բանկոմատներ, որոնց մոտ աշխատավարձերի, կենսաթոշակների վճարման օրերին հերթեր են լինեում։ Այս օրենքը լրացուցիչ խնդիրներ էր առաջացնելու կենսաթոշակառուների ու նպաստառուների համար, այդ թվում՝ նաև ծախսեր»,- ասաց պատգամավորը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն ասաց, որ իրենց նպատակն անկանխիկ շրջանառությունը զարգացնելն է, իսկ եթե բանկոմատ լինի, թոշակառուն գնալու է կանխիկացնի ու էլի կանխիկով առևտուր անի, քանի որ այդ ամբողջ ենթակառուցվածքը չկա։
«Նպատակը լավն է, բացի ժամկետներից որոշ դրույթներ կան, որոնք նույնպես քննարկման ենթակա են»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան