ԱՆ. Հիդրօքսիքլորոքվին ստացած պացիենտների զգալի մասի մոտ նկատվում է դրական շարժընթաց
«Հայաստանում բուժման ուղեցույցի համաձայն՝ հիդրօքսիքլորոքվինը նշանակվում է ռիսկային խոցելի խմբերի և թոքաբորբով պացիենտներին, այդ թվում՝ ծանր դեպքերում։ Այն չի նշանակվում ասիմպտոմատիկ կամ թեթև ընթացքի դեպքում (առանց շնչառության խանգարման) և տնային պայմաններում մշտադիտարկվող պացիենտներին։ Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) կիրառվում է միայն հիվանդանոցային պայմաններում, եթե չկան հակացուցումներ»,- այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Բուժումը սկսելուց առաջ և ամեն օր կատարվում է էլեկտրասրտագրություն։ Հատուկ մշտադիտարկում է իրականացվում շաքարային դիաբետով պացիենտների նկատմամբ՝ գլյուկոզայի որոշում ամեն օր։ Վերահսկվում է կենսաքիմիական (ներառյալ կալիում հիպոկալեմիայի պարագայում) հետազոտությունը` ըստ ուղեկցող հիվանդության։ Ըստ գործող ուղեցույցի՝ ստուգվում է դեղի փոխազդեցությունը: Նաև դեղը զգուշությամբ է նշանակվում երիկամային անբավարարության դեպքում․ որոշումը կայացվում է կոնսիլիումի արդյունքում։
Կորոնավիրուսային հիվանդության բուժման ողջ ընթացքում գրանցվել է մեկ առիթմիայի դեպք, պրեպարատն ամիջապես դադարեցվել է։ Դեղի արդյունավետության տվյալները COVID-19-ի բուժման առումով դեռևս ամփոփված չեն, սակայն ըստ նախնական տվյալների՝ զգալի մասի մոտ նկատվում է դրական շարժընթաց:
Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) ընդգրկված է բազմաթիվ երկրների COVID-19 բուժման ուղեցույցներում՝ Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ռուսաստանի Դաշնություն, և ավելի քան 26 կլինիկական հետազոտություն է ընթանում ամբողջ աշխարհում։ Հիդրօքսիքլորոքվինի կիրառման 70 տարվա փորձը, այդ թվում ռևմատոլոգիայի ոլորտում, վկայում է, որ պրեպարատը ցուցաբերել է լավ անվտանգության պրոֆիլ։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրիեսուսը հայտարարել էր, որ ԱՀԿ-ն ժամանակավորապես դադարեցրել է հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկումները՝ որպես COVID-19-ի հիվանդության բուժում, քանի որ հրապարակվել է ուսումնասիրություն՝ կապված COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների վրա հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի ազդեցության մասին:
Այս ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ այս դեղերը առանձին կամ մակրոլիդի (հակաբիոտիկներից մեկը) հետ համատեղ ստացող հիվանդների շրջանում գրանցվել է մահացության ավելի բարձր ցուցանիշ:
Նախօրեին Panorama.am- ին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասել էր, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկում է ԱՀԿ այդ հայտարարությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում քննարկում են ԱՀԿ` կորոնավիրուսը չբուժող դեղերի մասին հայտարարությունը
- ԱՀԿ-ն կասեցնում է հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկումները՝ COVID-19-ի բուժման համար
- Ֆրանսիան հաստատեց հիդրօքսիքլորոքինը՝ կորոնավիրուսի դեպքերի բուժման համար․ L’express
- Թորոսյան. Ասել, որ այս կամ այն դեղը ուղիղ բուժում է կորոնավիրուսը, դեռ չենք կարող
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան