Սննդի, հիգիենայի պարագաների փաթեթներ՝ 900 ընտանիքների
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում մարդասիրական աջակցություն կտրամադրվի Երևան քաղաքում և հարակից համայնքներում բնակվող 900 ընտանիքների՝ մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։
Նախարարությունից հայտնում են, որ հուշագրի նպատակը Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սոցիալտնտեսական խնդիրների չեզոքացումն է և թիրախային և հասցեական աջակցության տրամադրումը:
Աջակցություն կտրամադրվի Երևանում և հարակից համայնքներում բնակվող, մարդասիրական օգնության կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անապահով ընտանիքներին, որոնց անդամները կորոնավիրուսային վարակի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրերից:
Հուշագրի շրջանակներում «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ոչ միայն մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների փաթեթներ և այլ անհրաժեշտ իրեր կտարամդրի 900 ընտանիքների, այլև կիրազեկի քաղաքացիներին առողջության պահպանման և կանխարգելիչ պաշտպանական քայլերի և միջոցառումների մասին։
Աշխատանքների իրականացման համար կազմակերպությունը կիրականացնի կամավորների հավաքագրում և վերապատրաստում:
Կազմակերպությունը կհոգա նաև մարդասիրական աջակցության իրականացման ընթացքում անհրաժեշտ բոլոր ծախսերը, այդ թվում` սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի ձեռքբերման և տեղափոխման, տեղեկատվական թերթիկների տպագրության, տարածքների, սարքավորումների, բժշկական և պաշտպանիչ միջոցների ձեռքբերման և վարչական այլ ծախսերը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր հերթին կտրամադրի աջակցություն կարիք ունեցող քաղաքացիների տվյալները՝ գործընթացի հասցեականությունն ապահովելու համար։
Աջակցության տրամադրումը կմեկնարկի հունիսի 1-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան