19-րդ միջոցառումը նախատեսված է «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների համար
Կառավարության նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը։ Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ հաստատման է ներկայացված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով սկսնակ կամ նորարար գործառության զարգացման միջոցառում, նպատակն է օժանդակել քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը գործարար ծրագրերի իրականացման եղանակով հաղթահարեու համար։
Նախարարի ներկայացմամբ, օժանդությունը նպատակ ունի ձեռնարկատիրական գիտելիքներն ընդլայնել այն անձանց համար, ովքեր որոշում են զրոյից բիզնես ստեղծել, ապահովել նրանց համար ֆինանսական որոշակի հասանելիությունը։ Տ. Խաչատարյանն ասաց, որ աջակցությունն առավելապես ուղղված կլինի Երևանից դուրս իրականացվող գործունեությանը։
Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75%-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25% ը՝ որպես դրամաշնորհ։
Միջոցառումն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով` արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրման եղանակով: Վարկավորումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերի և վարկային հաստատությունների կողմից:
Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
- Արժույթը` ՀՀ դրամ,
- Ժամկետը` առավելագույնը 60 ամիս,
- Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար.
- Մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար.
- վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7%-10%:
Ըստ նախագծի՝ միջոցառման իմաստով շահառու են հանդիսանում ՀՀ տարածքում գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը(բացառությամբ` մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեությունը), որոնք`
1) համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին,
2) աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվող հարկային և վարկային պատմություն,
3) գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
4) չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ ՆԱԿ) շահառու, եթե դիմել են սույն Միջոցառման սկսնակների համար աջակցությանը.
5) մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ ՆԱԿ) միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են Միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:
Օժանդակության նպատակն է` ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել`
1) «Զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը.
2) շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որոշման ընդունումը կարևոր է. «Մենք ասում ենք, եթե բիզնես գաղափար ունեք, մասնակցեք դասընթացների, հաջող ավարտելու պարագայում պետությունը ձեզ կաջակցի մինչև 10 միլիոն դրամ վարկ գումարած դրամաշնորհ։ Այդ դասընթացի ընթացում գործարար հմտություններ կհաղորդվեն, կգնահատվի ներկայացած բիզնես գաղափարը, հնարավորություն կունենաք ձեր ներդրումն անել։ Սրա համար գրավ չի պահանջվի, երաշխավորը կլինի, ըստ էության, ռիսկը կառավարությունը կկիսի»։
Նախարարի խոսքով, նախատեսում են, որ սա լինի շարունակական ծրագիր։
«Երբ որ տարեկան մեր աջակացության ծավալների հնարավորությունն էինք քննարկում, մտածում էինք, որ տարեկան մինչև 250 կազմակերպություն կարող են դառնալ շահառու։ Քանի որ 4 տարիների համար է նախատեսված, նվազագույն թիվը կլինի 1000 շահառուները»,- ասաց Տ.Խաչատրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան