Յունիսեֆ. Աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների թիվը մինչև տարեվերջ կաճի 86 միլիոնով
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սեյվ դը Չիլդրենի կողմից այսօր հրապարակված վերլուծության տվյալների, կորոնավիրուսային համավարակի՝ տնտեսությանը հասցված հետևանքների պատճառով մինչև տարեվերջ գեթե 86 միլիոն երեխա կարող է հայտնվել աղքատ տնային տնտեսություններում՝ գրանցելով ցուցանիշի 15 տոկոսանոց աճ:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից տեղեկացնում են՝ վերլուծության մեջ ընդգծվում է, որ, եթե հրատապ քայլեր չձեռնարկվեն ընտանիքներին համավարակի պատճառով հասցված ֆինանսական դժվարություններից պաշտպանելու համար, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում աղքատության ստորին գծից ցածր ապրող երեխաների ընդհանուր թիվը կարող է հասնել 672 միլիոնի: Եվրոպական և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բոլոր երկրներում կարող է նկատվել առավելագույն՝ մինչև 44 տոկոս աճ:
«Կորոնավիրուսային համավարակը աննախադեպ սոցիալ-տնտեսական ճգնաժամ է ստեղծել, որ կլանում է ընտանիքների ֆինանսական ռեսուրսներն ամբողջ աշխարհում»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Ընտանիքների համար ֆինանսական դժվարությունների ծավալն ու խորությունը սպառնում են ի չիք դարձնել երեխաների աղքատության նվազեցմանն ուղղված տարիների առաջընթացը` նրանց թողնելով առանց անհրաժեշտ ծառայությունների։ Առանց թիրախավորված գործողությունների, հազիվ ծայրը ծայրին հասցնող ընտանիքները կարող են հայտնվել աղքատության մեջ, իսկ ամենաաղքատ ընտանիքները կարող են տարիներով չնկատվող զրկանքներ կրել»:
Մինչև համավարակը, ամբողջ աշխարհում երեխաների երկու երրորդին հասանելի չէր սոցիալական պաշտպանության որևէ մեխանիզմ՝ հնարավորություն չտալով ընտանիքներին դիմակայել ֆինանսական ցնցումներին և սեղմելով սերնդեսերունդ փոխանցվող աղքատությանը արատավոր օղակը:
Հարյուր միլիոնավոր երեխաներ շարունակում են ապրել բազմաչափ աղքատության մեջ, ինչը նշանակում է չունենալ բուժօգնության, կրթության, պատշաճ սնուցման կամ համապատասխան բնակարանային պայմաններ, ինչը հաճախ կառավարությունների կողմից սոցիալական ծառայության ոլորտում անբավարար ներդրումների հետևանք է:
Հակամարտությունների և ռազմական գործողությունների հետևանքով տուժած երկրներում ապրող երեխաների համար այս ճգնաժամը հետագայում էլ ավելի կմեծացնի նաև սոցիալական անկայունության ռիսկը և տնային տնտեսությունների՝ աղքատության մեջ հայտնվելու վտանգը։
Ըստ աղբյուրի, որպեսզի աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների վրա կորոնավիրուսի ազդեցությունը նվազի և վերանա, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Սեյվ դը Չիլդրենը կոչ են անում հրատապ և լայնամասշտաբ սոցիալական պաշտպանության մեխանիզմներ և ծրագրեր ներդնել, այդ թվում՝ դրամական փոխանցումներ, դպրոցական սնունդ և երեխայի խնամքի նպաստներ։ Սրանք բոլորը խիստ անհրաժեշտ ներդրումներ են, որ կարող են բավարարել ամենահրատապ ֆինանսական կարիքները և պետությունների համար հիմք ստեղծել հետագա հարվածքներին դիմակայելու համար։
Ընտանիքներին աջակցելու համար պետությունները պետք է նաև ներդրումներ կատարեն սոցիալական պաշտպանության, հարկաբյուջետային քաղաքականության, աշխատանքի և զբաղվածության ոլորտներում: Սա կարող է ներառել որակյալ առողջապահական և այլ ծառայությունների համընդհանուր հասանելիության ընդլայնում, ներդրումներ հօգուտ ընտանիքահեն քաղաքականության, ինչպիսին, օրինակ, վճարովի արձակուրդն է և երեխաների խնամքին ուղղված ծառայությունները։
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսում է ինքնամեկուսացած երեխաներին ու ծնողներին զորակցելու #ՏանըՀավեսԷ թվային արշավը
- Յունիսեֆ. Դպրոցների փակման պատճառով 370 միլիոն երեխա զրկված է սննդարար կերակուրից
- Յունիսեֆ. Վտանգված է 370 միլիոն երեխայի ապագան