Վարակի ամենամեծ օջախը Երևանն է. Փաշինյան
Պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ճեպազրույցի շրջանակում ներկայացրեց հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը:
Վարչապետի խոսքով՝ համաճարակի շուրջ իրավիճակը շարունակվում է լարվել՝ երեկ 442 նոր դեպք ենք ունեցել, մահացել է ևս 15 քաղաքացի:
«Վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը Երևանն է: Վարակի պոտենցյալ աղբյուրներն ամենուր են ՝ աշխատանքի վայրերում,փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում և այլուր: Շարունակում ենք մնալ այն համոզմանը, որ այս իրավիճակից ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է ՝ դիմակի համատարած և ամենուրեք կրումը, ձեռքերի ախտահանումը և սոցիալկան հեռավորության պահպանումը»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև կոչ արեց տեղի չտալ դիմակի շուրջ տեղի ունեցող բոլոր շահարկումներին և ընդհանրապես ապատեղեկատվությանը ՝ կորոնավիրուսի հետ կապված, քանի որ իրավիճակը շատ լուրջ է:
«Մենք ոչ ոքի չենք ասել դիմակ գնել, կարող եք պատրաստել նաև տնային պայմաններում: Մասնագետների վերլուծությունը ցույց է տալիս , որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակի որակյալ կրումը կարող է զրոյացնել վարակի տարածումը»,-ավելացրեց Փաշինյանը:
Դիմակների էֆեկտիվության հետ կապված վարչապետը նաև նկատեց, որ ամբողջ աշխարհը չունի կորոնավիրուսի հետ կապված ամբողջական գիտելիք: Եվ այն գիտելիքը պարբերաբար համալրվում է: «Փորձով ապացուցվել է դիմակների էֆեկտիվությունը՝ համատարած կիրառման դեպքում»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց.«Բազմաթիվ վարակակիրներ չգիտեն, որ իրենք վարակակիր են: Մեզնից յուրաքանչյուրը չգիտի, վարակակիր է ,թե ոչ, քանի որ հիվանդության 70 և ավելի տոկոսը տեղի է ունենում ասիմտոմ, բայց այս ընթացքում նա կարող է վարակել շատ մարդկանց :Աստված չանի, որ բախվենք այն իրավիճակին, երբ վերակենդանացման բաժնում տեղ չլինի: Հիշեք, որ այդ պակասող տեղը կարող է անհրաժեշտ լինել ձեր հարազատին»:
Թեև կառավարության ղեկավարի հույսը հանրային վարքագծի փոփոխության վրա է, այդուհանդերձ այս ընթացքում կիրառվում են նաև վարչական լծակներ :
«Փակվում են ձեռնարկություններ, արգելվում են նրանց գործունեությունը: Չի բացառվում, որ առաջիկայում արգելքի ժամկետները երկարացվեն, այսինքն՝ հիմա 24 ժամով է, կրկնակի խախտման դեպքում կլինի գուցե մեկ շաբաթով»,-տեղեկացրեց վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև չբացառեց,որ իրավիճակից կախված անհրաժեշտ կլինի վերադառնալ կարանտինային խիստ ռեժիմին:
«Մեր խնդիրն է՝ կարողանալ կարանտինին չվերադառնալով, կառավարելի պահել իրավիճակը: Չափանիշը վերակենդանացման բաժանմունքի տեղերի առկայությունն է: Այստեղ իրավիճակն ամեն օրվա հետ ավելի ծանրանում է: Ընդհանուր վիճակագրության հետ ավելանում է նաև ծայրահեղ ծանր հիվանդների թվաքանակը: Ոչ ոք չի կարող բացառել, որ մենք ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի, սա կախված է այն իրավիճակից, որ մենք կունենանք»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի ծոսքով՝ մինչ կարանտինային ռեժիմի վերադառնալը, կարող են կիրառվել խստացման այլ մեթոդներ, որոնցից մեկը ամենուրեք դիմակի կրումը պարտադիր դարձնելն է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան