ԱՄՆ-ն կարող է չեղարկել չինացի ուսանողների մուտքի վիզաները
ԱՄՆ իշխանությունները պլանավորում են չեղարկել մոտ 3,000 չինացի ուսանողների և գիտնականների մուտքի վիզաները, որոնք Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) հետ համագործակցող ուսումնական հաստատություններից են: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հինգշաբթի օրը հաղորդել է «The New York Times»-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անանուն ներկայացուցիչներին:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում սովոում են Չինաստանի շուրջ 360 հազար քաղաքացի: Նրանք Միացյալ Նահանգներում սովորող արտասահմանյան ուսանողների ամենամեծ խումբն են: Եթե PLA-ի հետ համագործակցող բուհերում սովորողների վիզաները չեղյալ հայտարարելու մասին որոշում կայացվի, ապա այն կլինի առաջին դեպքը, երբ Միացյալ Նահանգներում մարդկանց մի ամբողջ կատեգորիայի համար սահմանափակվում է ուսման հնարավորությունը: Ինչպես պարբերականն է ենթադրում, այս քայլը կարող է հանգեցնել Պեկինի համարժեք պատասխանին:
Ըստ թերթի աղբյուրների, համապատասխան պլանները որոշ ժամանակ է ինչ դիտարկվում են, բայց այժմ դրանք կարող են Հոնկոնգում Պեկինի կողմից ազգային անվտանգության մասին օրինագծի նախապատրաստման գործողություններին Վաշինգտոնի արձագանքի մաս կազմել:
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները սրվել են համաճարակի պատճառով: Թրամփը բազմիցս կասկածներ է հայտնել, որ Պեկինը վաղ փուլում թաքցրել է համաճարակի մասին տեղեկատվությունը և թույլ է տվել երկրից դուրս վարակի տարածումը: Վաշինգտոնը նաև քննադատել է Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենք ընդունելու Չինաստանի մտադրությունները: