Երեկ ընկած երկնաքարը եղել է փոքր՝ մի քանի սմ երկարությամբ. Ա. Միքայելյան
Երեկ երեկոյան Հրազդանից դեպի Հանքավան տարածքում երկնաքար է ընկել։ Մինչ քաղաքացիների մի մասը տեղի ունեցածն աննախադեպ երևույթ է որակում, գիտնականները պնդում են՝ աստղաթափումը բավականին հաճախ հանդիպող երևույթ է։
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ երկնաքարեր հաճախ են ընկնում, և որպես կանոն, ավելի հաճախ մենք մանր երկնաքարերի՝ ասուպների ընկնելուն ենք ականատես լինում։
Նրա դիտարկմամբ, երեկ ընկած երկնաքարը եղել է փոքր՝ մի քանի սմ երկարությամբ, որն այրվելիս պայծառ լույս է թողել.
«Այսպես կոչված «աստղային անձրևներ» լինում են, երբ մանր երկնաքարերը մտնում են մթնոլորտի խիտ շերտեր, և այրվում են այնտեղ, իսկ մենք ականատես ենք լինում այդ այրման հետքին։ Այդ լուսարձակման ժամանակ իրականում այրման հետքն ենք մենք տեսնում»։
Ըստ Արեգ Միքայելյանի, տիեզերքում շատ-շատ են առանձին ու պատահական ասուպները, և երեկ ընկածը հենց այդ պատահականներից մեկն էր։
«Եթե երկնաքարի չափերը մի քիչ ավելի մեծ են լինում, այն իջնում է մթնոլորտի ավելի ստորին շերտեր և մենք ավելի պայծառ ենք այն տեսնում։ Հիմա եթե երկնաքարը ՀՀ տարածքում է ընկել, բնականաբար, մենք ավելի լավ և արտահայտված ենք տեսել այդ երևույթը։ Այստեղ չի բացառվում, որ մեծ երկնաքարն այրվել է մինչև Երկիր հասնելը, կամ էլ հասել է Երկիր, բայց մանր փշրանքների տեսքով»,- նշեց նա։
Նա տեղեկացրեց, որ խոշոր երկնաքարերի՝ բոլիդների ընկնելու դեպքում կարող են վնասներ լինել։ Եվ այդ պատճառով աստղագետները մշտադիտարկման են ենթարկում հենց այդ՝ 100-ավոր մետրերից մինչև կիլոմետրեր հասնող չափեր ունեցող երկնաքարերը. «Բայց մենք գիտենք, որ երեկ ընկած երկնաքարը որևէ վնաս չի տվել»։
Եթե ընկնող երկնաքար կարելի է տեսնել տարվա մեջ մի քանի անգամ, ապա երկնաքարերի բախման հազվադեպ է հնարավոր ականատես լինել.
«Միլիոնավոր տարիները մեկ են լինում երկնաքարերի բախումներ։ Օրինակ, կարծիք կա, որ 65 մլն տարի առաջ մի մեծ երկնաքար է բախվել Երկրին, և դինոզավրերն այդ պատճառով են անհետացել։ Ուժեղ ցնցում է եղել, իսկ խոշոր կենդանիներն ավելի զգայուն են նման երևույթների նկատմամբ։ Այս երկնաքարի ընկնելը կարող է հիշեցում լինել, որ այսպիսի երևույթներ ու տարրեր կան տիեզերքում»։
Ա. Միքայելյանը հայտնեց, որ տարվա ընթացքում լինում են նաև ասուպային հոսքեր։
«Ասուպային հոսքերը Երկրի ուղեծրի վրա մշտական դիրք ունեցող քարեր են, և երբ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջ, ժամանակ առ ժամանակ հայտնվոմ է այդ ասուպային հոսքերի մեջ»,- եզրափակեց խոսքը Ա. Միքայելյանը։