Գրահրատարակչական դաշտում տիրող ոգևորությունը կարող է անհետանալ․ Արքմենիկ Նիկողոսյան
Հայաստանում մեծ թափ է ստացել գրքերի անօրինական տարածումները՝ պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերի տեսքով։ Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, անդրադարձ կատարելով խնդրին, փաստում է՝ պետք է համախմբվել՝ համատեղ ուժերով պայքարելու անօրինական տարածումների դեմ։
«Այն ոգևորությունն ու ակտիվությունը, որ վերջին տարիներին առկա է գրահարատարկչական դաշտում, կարող է անհետանալ մի պարզ պատճառով, որ սկսվել է մի շարժում, որը, գուցե, ակամա միտված է խորտակելու գրքի ապագան Հայաստանում։ Համավարակի տարածմանը զուգընթաց մարդիկ սկսեցին պղտոր ջրում ձուկ որսալ։ Սկսեցին չալարել ու հեղինակային իրավունք ունեցող գրքերը դնել համացացնում՝ հեռախոսներով հատիկ-հատիկ լուսանկարելով էջերը կամ սկանավորելով գրքերը։ Որոշ մարդիկ էլ սկսեցին վաճառել գրքերի PDF-ները։ Այս ընթացքում մենք տարբեր մարդկանց հետ ենք զրուցել ու հասկացել ենք, որ շատերը չեն էլ հասկանում, որ այդ կերպ վնասակար գործ են անում»,-պատմում է Արքմենիկ Նիկողոսյանը։
Հաշվի առնելով նմանատիպ միտումները՝ հայաստանյան առաջատար հրատարակչությունները Նախաձեռնության PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի նշել է, որ նպատակն է համատեղ ուժերով պայքարել գրքերի անօրինական տարածումների դեմ՝ հանրությանը հեղինակային իրավունքի մասին իրազեկելու արշավի միջոցով։
«Գիրքը ժամանակակից աշխարհում նաև ապրանք է, գրքով զբաղվող մարդիկ բարձր նպատակներից զատ հետապնդում են բիզնես նպատակներ։ Յուրաքանչյուր գրքի ստեղծման հետևում մեծ թվով մարդիկ են կանգնած՝ հեղինակ, խմբագիր, էջադրող, դիզայներ, տպագրիչ և այլն։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուր հաջորդ գիրք ստեղծվում է նախորդի վաճառքից ստացված եկամտի շնորհիվ։ Այսինքն՝ եթե այս միտումը շարունակվի, ապա պլանավորված գրքերը կարող են և լույս չտեսնել»,-նշում է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրը։
Արքմենիկ Նիկողոսյանը փաստում է՝ գիրք գնելը պետք է ընկալել ոչ թե որպես ինչ-որ մարդկանց հարստացնելու քայլ, այլ հարգանքի տուրք սիրելի հեղինակներին, թարգմանիչներին, դիզայներին, խմբագիրներին և այլոց ․․
«Գովելի է տարբեր խմբերում գրականության քարոզչությունը, բայց չի կարելի աչքերը փակել և անցնել նման մարդկանց կողքով, որոնք նման անօրինականությամբ են զբաղված։ Այս ամենի պատճառով մենք վաղը չենք կարողանա հրատարակել նոր գրքեր, քանի որ ռեսուրսներ չենք ունենա։ Վերջին 10 տարում հայաստանյան հրատարակիչները հսկայական աշխատանքներ են արել, և ցավալի կլինի, որ կորցնենք եղած նվաճումները»,-հավելում է նա։
Հիշեցնենք, որ «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Դարակ», «Էջ», «Կարապ», «ԳրաՏուն» հրատարակչությունները։ Նախաձեռնության շրջանակում իրականացվում է մեծամասշտաբ կրթադաստիարակչական արշավ՝ ընդդեմ գրքերի անօրինական տարածումների։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա