Ադրբեջանցի հայտնի հաղորդավարուհի. Սաֆարովը ոչ թե հերոս է, այլ՝ հանցագործ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ս․ թ․ մայիսի 26-ին հրապարակել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ադրբեջանցի սպայի արտահանձնման և պատժի կրումից ազատելու «Մակուչյանը և Մինասյանը՝ ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը։
Վճռով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։ Վճռում ասվում է, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համարազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։ Ադրբեջանը չի կարողացել հերքել խտրականության վերաբերյալ պնդումները։
Վճռի համաձայն, Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ՝ արված ծախսերի համար։
Ուշագրավ է ՄԻԵԴ-ի վերոնշյալ վճռից հետո որոշ հայտնի ադրբեջանցիների արձագանքը, որը ներկայացնում է regionmonitor-ը։
Նրանցից, մասնավորապես, ադրբեջանցի հաղորդավարուհի, մոդել և դերասանուհի Թունայ Ալիևան, ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում նշել է, որ Սաֆարովը հանցագործ է.
«Ռամիլ Սաֆարովը ոչ թե հերոս է, այլ սեփական էմոցիաներին չտիրապետող հանցագործ։ Եթե կարող եք կարծիքս հարգեք, եթե չեք կարող, ցույց տվեք ձեր դաստիարակությունը…»,— գրել է Ալիևան։
Թունայ Ալիևայի ֆեյսբուքյան այս գրառումը հավանել է նաև Ադրբեջանի կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար, խորհրդարանի գործերի նախկին կառավարիչ, քաղաքագետ Ռամիս Յունուսը։
Հետաքրքիր է նաև ադրբեջանցի հոգեբան Նարմին Շահմարզադեի գրառումը, որում վերջինս դիմելով նախագահ Իլհամ Ալիևին, գրել է. «Պարոն նախագահ, Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ այդ որոշման համար մեր վճարելիք փոխհատուցումը ձեր աշխատավարձի՞ց եք վճարելու։ Ի՞նչու պետք է ձեր սխալ որոշումների համար վճարի ժողովուրդը..»։
Իսկ լրագրող Ազեր Քազիմզադեն էլ իր հերթին գրել է, որ Ռամիլ Սաֆարովի խայտառակ հանցագործությունը Ադրբեջանի գլխին դեռ շատ աղետներ կբերի։
«Քնած մարդու սպանությունից հետո փոխվել է Արևմուտքի վերաբերմունքը Ադրբեջանի և ադրբեջանցիների նկատմամբ։ Ադրբեջանը եվրոպական դատարանում Ռամիլ Սաֆարովի գործը պարտվել է։ Ռամիլ Սաֆարովի նմանների պատճառով մեր երկրին շատ է վնաս հասցվում, երկիրն այնպես է խայտառակ արել, որ էլ ասելու չէ»,-գրել է լրագրողը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ որոշումը պետք է դառնա Ադրբեջանում հայատյացությունն արմատախիլ անելու հիմք. Արցախի ԱԳՆ
- ԱԳՆ. ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է
- Սիրանույշ Սահակյան.ՄԻԵԴ աննախադեպ վճիռը պետության համար ավելի մեծ նշանակություն ունի, քան Գուրգեն Մարգարյանի ընտանիքի
- ՄԻԵԴ պորտուգալացի դատավորը Մարգարյանի գործի մասին․ Ակնկալում եմ՝ այս ողբերգական դեպքը կբողոքարկվի Մեծ պալատում
- Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը
- Իլհամ Ալիևը հանցակից է Գուրգեն Մարգարյանի սպանությանը. Նազելի Վարդանյան