Արցախի նախագահն՝ Ալիևին․ Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ
«Արցախում մենք փորձում ենք ստեղծել համերաշխության մթնոլորտ, ինչը մեզ համար շատ կարևոր է»,-այսօր Արցախում նոր նշանակումների մասին հայտարարելիս ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ Արցախի արտաքին գործերի նախարար է նշանակվել Մասիս Մայիլյանը, իսկ Սամվել Բաբայանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար։
Արայիկ Հարությունյանը նաև պատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «հերթական» հայտարարություններին։
«Իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց դա քաղաքական գործչին վայել հայտարարություններ չեն, հատկապես այն, թե աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում։ Այսինքն, ուժի միջոցո՞վ հարցի լուծման ճանապարհն եք ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք։ Պատրաստ ենք, և ուզում եմ նաև վստահեցնել Ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ է․ այն ինչ ունեցել եք 94թ․-ին, կունենաք նաև այսօր։ Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբեք խոսել»,-ասաց Արայիկ Հարությունյանը։
Ալիևի մեկ այլ հայտարարության հետ կապված, թե «մեր հին քաղաք Երևանը տվել են Հայաստանին», Հարությունյանն ասում է, որ հնարավորություն ունեն «իրենց պատմական» անճշտությունները շտկելու, բայց այն լինելու է կործանարար Ադրբեջանի համար։
«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ։ Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակացության միջոցով հարցի խաղաղ տրամաբանական լուծմանը։ Եվ այն հայտարարությունը, որը դուք արել եք՝ փուլային լուծման վերաբերյալ, իհարկե, փուլային կարող է լինել, բայց միայն մեկ տարբերակով․ առաջին հերթին ինքնորոշման իրավունքի ճանաչում, անվտանգության մեր երաշխիքների ընդունում, որից հետո նոր բանակցություններ։ Այլ տարբերակ չի լինելու»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով Ալիևին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան