Խաղաղապահ բրիգադի զինծառայողները մշտապես բարձր են պահում հայ զինծառայողի պատիվը
Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է։ Հայաստանի Հանրապետությունը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից, երբ ՀՀ զինված ուժերի խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը շարունակվում է առ այսօր:
2005թ. հունվարին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը` լեհական ստորաբաժանման կազմում, հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ. նոյեմբերին:
Սկսած 2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումն ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության ներքո գործող ՄԱԱՈՒ (ISAF, Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) հյուսիսային հրամանատարության կազմում:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հայ խաղաղապահներն իրենց անձնուրաց ծառայությամբ հանդես են եկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում:
Հայ խաղաղապահների հաջորդ առաքելությունը Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելությունն է: 2014թ. դեկտեմբեր ամսին 32 զինծառայողներից բաղկացած հայկական դասակի մասնակցությամբ սկիզբ դրվեց Լիբանանի խաղաղապահ առաքելությանը:
ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները մասնակցել են բազմաթիվ միջազգային և բազմազգ զորավարժությունների` մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը և արժանանալով վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին և պարգևներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան