Կորոնավիրուսից մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը
81 տարեկանում մահացել է խորհրդային ռեժիսոր, սցենարիստ և դերասան Սամվել Գասպարովը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա ընկեր, Uzbekistan Armenian Magazine-ի գլխավոր խմբագիր Գեորգի Սահակովը։
«Սամվել Վլադիմիրովիչին հատուկ չէր պարտվելը, բայց նա չկարողացավ հաղթահարել անիծյալ կորոնավիրուսը... Շուտափույթ ապաքինում նրա կնոջ՝ դերասանուհի Նատալյա Վավիլովային, խորին ցավակցություններ մեր Աննուշակային, բոլոր մտերիմներին ու հարազատներին»,-գրել է Գեորգի Սահակովը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, 2019-ին հաղորդվել էր, որ Գասպարովը տառապում էր ստամոքսի ծանր հիվանդությունից և անընդհատ բուժման փուլում էր:
Նրա նկարահանած հայտնի ֆիլմերից են՝ «Առաջին չվերթ, վերջին չվերթ», «Հաց, ոսկի, նագան», «Վեցերորդը», «Առանց հատուկ ռիսկի», «Մահվան կոորդինատները», «Գիշանգղներ ճանապարհներին» և այլն։
Սամվել Գասպարովը ծնվել է 1938 թվականին Թբիլիսիում հայ ընտանիքում։ 1970 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը (Միխայիլ Ռոմի արվեստանոցը)։ Առաջին ռեժիսորական աշխատանքը եղել է 1977 թվականին։ Հիմնականում նկարահանում էր քաղաքացիական պատերազմի մասին արկածային ֆիլմեր, դետեկտիվներ և մարտաֆիլմեր։
1990 թվականից հետո Գասպարովը հեռացել էր կինոյից և սկսել զբաղվել այլ գործունեությամբ, այդ թվում՝ 1993 թվականին կազմակերպել էր Մայքլ Ջեքսոնի հյուրախաղերը Մոսկվայում՝ Լուժնիկի մարզադաշտում։ 2008 թվականին վերադարձել էր կինո՝ «Ծուղակ մարդասպանի համար» ֆիլմով։