Յուրի Խաչատուրովը երկու օր ժամանակ ունի հանձնաժողով ներկայանալու համար.Ա. Քոչարյան
Յուրի Խաչատուրոնn ունի ևս 2 օր ժամանակ հանձնաժողով ներկայանալու և պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին, հատկապես պարոն Նալբանդյանին 2 ժամից ավելի լսելուց հետո։ Այլապես մեր ներկայացված եզրակցության մեջ կլինեն եզրահանգումներ, որով պետք է զբաղվեն այլ մարմիններ, քննիչ հանձանաժողովն այլևս անելիք չի ունենա: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ տեսակապով անցկացրած նիստին, Անդրանիկ Քոչարյանը, մասնավորապես, ասաց.
«47 հարց էր, 2-ը փոխվեց, բայց մի քանիսն ավելացրեց պարոն Նալբանդյանը։ Հանձնաժողովն ունի հարցեր, որոնց Յուրի Խաչատուրովը պետք է պատասխանի։ Դրանք այնքան կարևոր են, որ ես հիմա այս հայտարարությունն անում եմ։ Նամակներ չենք ուղարկելու, որովհետև ուղարկել ենք և ստացել ենք պատասխան։ Մինչև ամսի 4-ն է ժամկետը, և մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով նշանակել հանձնաժղովի նիստ և հարցեր ուղղել պարոն Խաչատուրովին, պարոն Նալբանդյանին լսելուց հետո»։
Իսկ եթե Խաչատուրովը չներկայանա,Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Այլապես մեր եզրակացությունները կներկայացնենք առանց Խաչատուրովին լսելու և այդ եզրակացությունների մեջ կլինեն եզրահանգումներ, որով պետք է զբաղվեն արդեն այլ մարմիններ, քննիչ հանձնաժողովն այլևս անելիք չի ունենա։ Համար մեկ զինվորական պաշտոնը զբաղեցրած անձնավորությունը, որն այս գործընթացի մեջ ունեցել է ամենակարևոր դերակատարումներից մեկը, պետք է գա և պատասխանի այս հարցերին, իրեն ուղղված հարցեր են դրանք»։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Էդուարդ Նալբանդյանը բավարար պատասխաններ տվե՞լ է, Քոչարյանն արձագանքեց․
«Պարոն Նալբանդյանը մեր հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ, բայց մեր հարցերն այնքան համապարփակ են եղել, մեր համար կարևորը հարցերն էին, իսկ պատասխանները մենք համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիայով»: