Նախարար. Որոշակի իրավիճակներում առնվազն տարրական դասարանների դասերը պետք է ապահովել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ հաճախ է նամակներ ստանում այն մասին՝ արդյոք սեպտեմբերի 1-ին դասերը վերսկսվելու են ու նորմալ հունով շարժվելո՞ւ են առաջ։ Նա նշեց, որ դա անելու բոլոր հնարավորություններն ունեն, բայց կա մեծ բայց, որը պետք է միասին լուծել։
«Հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, բնակչության մոտ կեսն են կազմում, ըստ էության, հավաքական ամենամեծ համայնքն է, որը կարող է երկրում շատ մեծ խնդիր լուծել։
Իրավիճակը կորոնավիրուսի տարածման հետ կապված բարդանում է, լարվածությունը գնալով մեծանում է։ Թվերով դա արտահայտվում է։ Հիվանդանոցների թիվը, մահերի թիվը վկայում են այն մասին, որ իրավիճակը բարդ է, յուրաքանչյուրը մեծ անելիք ունի՝ խստագույնս հետևել ցուցումներին՝ կրել դիմակ, հաճախ ախտահանել ձեռքերը, պահել սոցիալական հեռավարություն»,- ասաց նախարարը։
Արայիկ Հարությունյանի խոսքով, լուրեր է լսում, թեև իրենց հորդորներին, դպրոցական խնջույքներ են կազմակերպվում։ Նա նշեց, որ նման դեպքերում վարակի տարածման ամենամեծ հնարավարությունը կա։
«Մասսայական միջոցառումներով մենք հեռացնում ենք բնականոն կյանքի վերադառնալու հնարավորությունը»,- աաաց նա։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ բոլորի ցանկությունն է դասերը սկսել. «Հեռավար կրթությունը որքան էլ հաջող կազմակերպենք, ունի իր բացասական կողմերը, մասնավորապես, սոցիալականացման խնդիրը»։
Նախարարն ասաց, որ պետք է պատրաստ լինել տարբեր սցենարների, պետք է պատրաստ լինել նաև սեպտեմբերից հեռավարի, օգոստոսին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից է կախված։
«Որոշակի իրավիճակներում առնվազն տարրական դասարանները, առաջին դասարանցիների դասերը պետք է ապահովել»,- նշեց նա։
Ա. Հարությունյանն ասաց, որ պետք է մերժել ապատեղեկատվությունը չիպավորումների, 5G կայանների, պատվաստանյութերի մասին. «Ինձ համար տարօրինակ է, որոշ գրառումներ են ուղարկում, որ նման տեղեկատվություն են տարածում ուսուցիչները։ Ուսուցիչների օգտահաշիվներ են ուղարկում, ասում են նայեք՝ ուսուցիչը չիպավորումների, 5G կայանների, պատվաստանյութերի մասին տեղեկատվություն է տարածում։ Այս անգրագիտությունը պետք է մերժենք։ Անընդունելի է տարածել, հատկապես, երբ որոշ ուսուցիչներ են դա տարածում։ Հիմա չգիտեմ՝ ինչ լուծումներ կարելի է տալ, բայց սա շարունակվելու դեպքում անհետևանք չի կարող լինել, ուղղակի չի կարող լինել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 30.05.2020. Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման 251 նոր դեպք, մահացել են 10-ը
- 95%-ով զբաղված են վերակենդանացման բաժանմունքի մահճակալները. Արման Հովակիմյան
- Մենք 1 մլն բնակչության հաշվով արդեն անցել ենք Իրանից և Ֆրանսիայից. Փաշինյան
- Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ առողջ երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով.Թորոսյան