Վանեցյան. Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ
«Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, տեսնում եմ վտանգավոր սխալներ, որ ամեն օր արվում են, ինչպես կանխատեսել էի։ Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները»,- հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր կայացած արտահերթ համագումարում։
Նա իր խոսքում ընդգծել է, անհրաժեշտ է իրականացնել մեծ աշխատանք՝ ավելի վատ զարգացումներից խուսափելու համար։
«Հենց դա՛ ինձ ստիպեց զբաղվել քաղաքականությամբ»,-ասել է կուսակցության նախագահը։
Արթուր Վանեցյանն անթույլատրելի է համարում երկիրը հակամարտող, անգամ՝ միմյանց նկատմամբ թշնամության հասնող ճամբարների բաժանելու արատավոր գործելաոճը:
«Գիտակցելով մեր երկրում լուրջ, համակարգային բարեփոխումների, երբեմն՝ արմատական վերափոխումների կարևորությունը և պատրաստ լինելով ստանձնել դա անելու պատասխանատվությունը, մենք միևնույն ժամանակ հեռու ենք այն ծայրահեղական մոտեցումից, թե իբր նախկինում ամեն ինչ միայն վատ է եղել, իսկ քաղաքական մեր թվարկությունը սկսվել է այն պահից, երբ ոմանք երկիրը գունաբաժանել են սևի և սպիտակի»,-նշել է ԱԱԾ նախկին տնօրենը։
Արթուր Վանեցյանի խոսքով, Հայաստանի ժողովրդին պետք են այնպիսի ղեկավարներ, որոնք իրենց կզգան, կհամարեն և կհռչակեն ամբողջ ժողովրդի իշխանություն՝ անկախ անձնական նախասիրություններից:
«Մեզ պետք են իշխանություններ, որոնք ոչ թե կխաղան ժողովրդի այսրոպեական էմոցիաների վրա, այլ կհամախմբեն՝ բանականության և իրական խնդիրների լուծման շուրջ՝ լավ և արժանապատիվ ապրելու համար:
Մեզ պետք են իշխանություններ, որոնք զերծ կմնան կեղծ և ֆեյքային օրակարգերից, գործելաոճից և գործիքակազմից։
Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի իրական կյանքի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ:
Մեր ժողովրդին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը ոչ թե կբաժանի, այլ կհամախմբի հասարակությանը՝ երկրի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար։ Իշխանություն, որը լուծում կտա ճգնաժամերին, այլ ոչ թե հենց ինքը կստեղծի խառնաշփոթ ու ճգնաժամեր:
Մեր Հայրենիքին անհրաժեշտ են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ՝ իրական առաջնորդներ»,- իր խոսքում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան