Արթուր Վանեցյան. Պատերազմով չկա Արցախի խնդրի լուծում
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է և չի կարող կախվածության մեջ դրվել որևէ երրորդ կողմի համաձայնությունից կամ բարի կամքից: Դա իրավունք է և պետք է իրացվի ողջ ծավալով»,-Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումներն այսօր արտահերթ համագումարում ներկայացրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա նշել է, որ Հայաստան-Արցախ փոխհարաբերությունները պետք է հիմնված լինեն ազգային տեսլականի, փոխադարձ վստահության և համագործակցության վրա: Հայաստանի կողմից միանշանակ պետք է հարգվի Արցախի սուբյեկտայնությունը: Հայաստանը պետք է ներդնի իր ջանքերը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման համար:
«Հայաստանը եղել է և լինելու է Արցախի անվտանգության երաշխավորը։ Արցախի հարցի լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը Ադրբեջանի ճնշման առաջ չեն ընկրկելու, և այդ սպառնալիքը որևէ կերպ չի նպաստելու հարցի համապարփակ և ամբողջական լուծմանը: Հայաստանի և Արցախի հետ սպառնալիքի լեզվով խոսել հնարավոր չէ։ Խոնարհվելով այս տարիների ընթացքում իրենց կյանքն ու առողջությունը հայրենիքի զոհասեղանին դրած հերոսների և նրանց հարազատների առաջ՝ վստահեցնում եմ. դուք իզուր չեք տվել ձեր ամենաթանկը: Դա արվել է հանուն մեր ազգային ինքնության, Արցախի անկախության, հանուն Արցախի ազատության»,-ընդգծել է քաղաքական գործիչը։
Արթուր Վանեցյանն ասել է, որր Արցախի ժողովուրդը վաղուց ինքնորոշվել է։
«Պատերազմով չկա լուծում։ Պատերազմով հնարավոր չէ հասնել խաղաղության և տարածաշրջանային կայունության։ Արցախյան հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնված լինի ոչ թե փուլային, այլ՝ փաթեթային տարբերակի վրա»,-իր ելույթում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։
Նրա խոսքով, պետք է գնալ բազմամիլիոնանոց միասնական հայկական աշխարհի ձևավորման ճանապարհով, որի առանցքում պետք է լինեն հայկական երկու պետությունները՝ Հայաստանը և Արցախը, մեր լեզուն, մեր մշակույթը, մեր պատմությունը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
«Մենք պարտավոր ենք ձևակերպել ընդհանուր արժեքներ, ընդհանուր նպատակներ։ Այս ամենը՝ ոչ թե լոզունգների ու կենացների մակարդակով, այլ՝ գործնական քայլերի։ Հայկական աշխարհի խորքային ինտեգրացիայի գաղափարը պետք է փոխարինելու գա այսօրվա անհասկանալի հարաբերություններին։ Առաջիկայում այս ուղերձով պատրաստվում եմ քննարկումներ ունենալ Արցախի նոր իշխանությունների, պետական և քաղաքական գործիչների, Հայաստանի քաղաքական ուժերի, սփյուռքի ազդեցիկ շրջանակների և հոգևոր այրերի հետ»,- նշել է Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Հետամուտ ենք լինելու հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը
- Վանեցյան. Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ
- Արթուր Վանեցյան. Մենք կարող ենք ու մենք էլ դա անելու ենք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին