Կառավարությունը հայտարարել է՝ «դիմակով համբուրվելը արգելվում է»
Մի ժամանակ 1+1=1-ը խոհափիլիսոփայության թեմա դարձավ, հիմա կրկին՝ տգիտության ու փնթիության օրինակ։
Այո, կառավարությունը շատ ուշ գլխի ընկավ, որ կորոնավիրուսը «սովորական գրիպ չէ», այո՝ որ կարանտինային ամիսները գնացին կատվի պոչի տակ, որովհետև ոչինչ նորմալ չվերահսկվեց, հասարակության դաստիարակությունը թողնվեց ինքնահոսի, սեփական օրինակ չկար, նույնիսկ՝ հակառակը,... միջոցառումներից շատերը մնացին անհասկանալի, օրինակ՝ ուր գնալու մասին ինքնագրությամբ զբաղվելը, հեռախոսային տեղաշարժերի, թե զանգերի վերահսկումը...
Ինչևէ։
Հիմա այս ամենից երեք բան է ասում կառավարությունը՝
1. Կրել դիմակ ու ձեռնոց
1. Պահպանել սոցիալական հեռավորություն
1. Հաճախ լվանալ ու ախտահանել ձեռքերը։
Ի դեպ՝ ցանկալի է նաև՝ ձեռնոցներով ձեռքերը։
Ու սրանք պետք է անել բոլորը միասին։ Սա այն դեպքը չէ, երբ ընտրում ես՝ սա անեմ, թե այն մեկն անեմ...։ ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ։
Բայց նույնիսկ իշխանության հրահանգը հսկողները այս հասարակ բանը չեն հասկացել։
Ոստիկանները դիմակ կրում են, բայց վարորդներին տուգանելիս իրար քիթ մտած են լրացնում ակտերը (տես գլխավոր նկարը, կամ՝ տեսանյութը)
Հարգելի բոլորս
Եկեք 1+1+1-ը խոհափիլիսափայություն չդարձնենք։ Եկեք այս անգամ անենք, տեսնենք կառավարության խոստացած «վարակի զրոյացումը»։
Եթե ձեր ու հարազատների մասին չեք մտածում, գոնե զբոսաշրջության ու դրա հետ կապված բիզնեսի մասին մտածեք (կան չէ՞, մարդիկ, որ տնտեսություն-բիզնես բառերը գերադասում են)։ Երբ կորոնավիրուսը չգիտեմ երբ գնա կենցաղներիցս, ոչ մի զբոսաշրջիկ չի գա Հայաստան։ Կմտածեն՝ «ա, դրանք այն փնթիները չե՞ն, որ երեք ամսում այդպես էլ չկարողացան կազմակերպվել ու գոնե 3 հասարակ բան անել»։
Ա. Ոսկանյան