Բրիտանացի գիտնականներն ահազանգում են
Մինչ եվրոպական երկրներն աստիճանաբար բացում են իրենց սահմանները և վերացնում են կորոնավիրուսի համաճարակի պատճառով կիրառված սահմանափակումները, բրիտանացի գիտնականները նախազգուշացնում են, որ դեռ վաղ է կարանտինի թուլացումը: Այս մասին գրում է ВВС-ն:
Մինչդեռ Փարիզում, բացվում են հանրախանութները, Վիեննայում՝ կինոթատրոնները, և ֆրանսիացի դիջեյ Դեյվիդ Գետտան պատրաստվում է Նյու Յորքում ունենալ ևս մեկ բարեգործական համերգ:
Հնդկաստան. Կրկին վարակման ռեկորդային թիվ
Հնդկաստանի իշխանությունները կրկին գրանցել են օրվա ընթացքում ռեկորդային քանակությամբ` 8 հազար նոր վարկի դեպք: Վարակվածների մեկ երրորդը ապրում է երկրի ամենահարուստ նահանգներից մեկում` Մահարաշտրայում, որտեղ գտնվում է Մումբայ քաղաքը:
Այս երկրում նախօրեին 6,5 հազար նոր դեպք էր արձանագրվել:
Շաբաթ օրը «Times of India» թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել էր, որ «Air India» ինքնաթիռը, որը Հնդկաստանի քաղաքացիներին տեղափոխելու համար թռչում էր Մոսկվա, ստիպված է եղել վերադառնալ Դելի, օդաչուներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով:
Եվրոպա. Խանութներ, կինոթատրոններ և Պիզայի թեք աշտարակ
Եվրոպայում կարանտինի միջոցառումները շարունակում են թուլանալ:
Փարիզում բացվում են քաղաքային զբոսայգիները և խանութները, ներառյալ Փարիզի Օսման Բուլվարում գտնվող հանրահայտ Galeries Lafayette հանրախանութը:
Ավստրիայի իշխանությունները որոշել են Վիեննայում կինոթատրոնների մի մասը բացել, բայց այցելուների թիվը չպետք է գերազանցի 100 մարդը:
Ի տարբերություն Ավստրիայի, որտեղ դիմակների կրելու ռեժիմը կթուլանա միայն հունիսի կեսերին, Լեհաստանում այժմ բնակիչները կարող են հասարակական վայրերում լինել առանց դրանց:
Հունգարիան դարձել է Եվրոպայի առաջին երկիրը, որը թույլ տվեց երկրպագուներին ֆուտբոլի խաղերի ընթացքին հետևել տրիբունաներից: Գերմանիայում, որտեղ Բունդեսլիգայի խաղերը դեռ ընթանում են առանց հանդիսատեսի, երրորդ լիգայի մրցաշարը վերսկսվել է շաբաթ օրը:
Իտալիայում այցելուների համար բացվում է Պիզայի աշտարակը:
Մեծ Բրիտանիա. Կարանտինի թուլացումը դեռ վաղ է
Անգլիայում մարդկանց թույլատրվում է հանդիպել մինչև վեց հոգանոց խմբերով: Նմանատիպ կանոններն արդեն գործում են Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում, բայց Բրիտանիայի կառավարության գիտական խորհրդականները նախազգուշացրել են, որ կարանտինը դեռ չի կարելի թուլացնել:
Լոնդոնի Արևադարձային հիգիենայի և բժշկության դպրոցի ներկայացուցիչ և Sage ակադեմիական խորհրդի անդամ Ջոն Էդմունդսը, որը խորհուրդներ է տալիս կառավարությանը, նշել է, որ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը դեռ մեծ է, ուստի պետք է սպասել մինչեւ այն նվազի:
BBC- ին տված հարցազրույցում Sage-ի անդամ և NERVTAG նոր վիրուսային հիվանդությունների խորհրդատվական խմբի նախագահ Պիտեր Հորբին, նշել է, որ R ինդեքսը (մեկ հիվանդից վարակված մարդկանց միջին թիվը) դեռ մոտ է մեկին, հետևաբար կարևոր է չթուլացնել վերահսկողությունը: Նրա խոսքով՝ Բրիտանիայում ամեն օր վարակվում է մոտ 8 հազար մարդ:
Sage-ի խորհուրդը հրապարակել է հունվարի 22-ից անցկացրած գաղտնի հանդիպումների մանրամասները, ինչպես նաև մի շարք հարակից գիտական զեկույցներ: Դրանցից երևում է, որ ապրիլի 23-ի հանդիպման ժամանակ արված կանխատեսումներով, մայիսի կեսերին Միացյալ Թագավորությունում օրական պետք է լիներ ընդամենը 1000 նոր վարակակիր:
ԱՄՆ. Կարանտինյան երեկույթ՝ գաղտնի վայրում
Ֆրանսիացի դիջեյ Դեյվիդ Գետտան պլանավորում է կիրակի երեկոյան Նյու Յորքում առցանց հնչեցնել իր երկրորդ United At Home շարքի բարեգործական հավաքածուն: Միջոցառման անցկացման վայրը գաղտնի է պահվում:
Գետտայի նախորդ ներկայացումը տեղի է ունեցել Մայամիի բնակելի համալիրներից մեկի տանիքում և սոցիալական ցանցերում հավաքել բազմամիլիոնանոց հանդիսատես: Սեթին պատշգամբներից հետևում էին նաև մոտակա տների շուրջ 8 հազար բնակիչներ:
Համերգից ստացվելիք գումարները կուղարկվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բարեգործական հիմնադրամներին, որոնք օգնում են կորոնավիրուսի դեմ պայքարին:
Վերջին համերգի ժամանակ հաջողվել էր հավաքել ավելի քան 750 հազար դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան