Արթուր Վանեցյան. Հետամուտ ենք լինելու հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր տեղի ունեցած արտահերթ համագումարում ցավ է հայտնել, որ Հայաստանում այսօր տնտեսությունը գահավիժում է, մարդիկ լավ չեն ապրում։
«Բնակչության սոցիալական վիճակը շարունակաբար վատանում է։ Մարդու համար օրվա ապրուստի միջոց գտնելը դարձել է ամենաբարդ խնդիրը։ Այսօր Հայաստանում մարդիկ լավ չեն ապրում, իսկ ինձ համար հստակ է՝ Հայաստանում մարդը պետք է լավ ապրի։ Սա համարեք իմ գլխավոր նպատակը, որը սահմանել եմ ինձ համար, եթե կուզեք՝ իմ երազանքը։ Վստահեցնում եմ, ջանք չեմ խնայելու և հասնելու ենք այդ երազանքին»,-իր ելույթում նշել է կուսակցության նախագահը։
Նա ընդգծել է, ինքն ունի հստակ պատկերացումներ, թե որտեղ ենք գտնվում, ուր պետք է հասնենք և ինչ միջոցներով՝ թե՛ արդարադատության, թե՛ կրթության-գիտության-մշակույթի, թե՛ բնապահպանության, թե՛ գյուղատնտեսության ոլորտներում։
«Իհարկե, կարող ենք շատ երկար խոսել նոր կորոնավիրուսի պայմաններում առաջացած մարտահրավերներից և դրանց հետևանքներից, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ խնդիրները հաղթահարելու համար պետք է լինել իշխանություն՝ կոմպետենտ և ժողովրդի հանդեպ ազնիվ իշխանություն։ Իսկ իրավիճակը իսկապես մտահոգիչ է և պահանջում է գրագետ ու օպերատիվ կառավարում»,-ասել է Արթուր վանեցյանը։
Ամփոփելով ելույթը՝ նա նշել է, որևէ քաղաքական ուժ իրավունք չունի հավակնել նրան, թե ինքն է միակ ճշմարիտը, իսկ դրա առաջնորդը՝ ազգի փրկիչ կամ մարգարե։
«Այսօր Հայաստանի Հանրապետությունում կառավարող քաղաքական միավորը չունի և չի էլ ուզում ունենալ բավարար կադրային և մասնագիտական ներուժ պետության առջև ծառացած մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու համար։ Մենք հետամուտ ենք լինելու համազգային համախմբմանը և հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը։
Մեկ անգամ ևս ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, վստահեցնել, որ ես կես ճանապարհից հետ կանգնող չեմ»,-հայտարարել է Վանեցյանն ու ավելացրել, որ Հայաստանում որևէ մեկին չեմ համարում թշնամի և հակված է լայն կոնսոլիդացիայի, համատեղ աշխատանքի՝ բոլոր կարող ուժերի և անհատների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ
- Արթուր Վանեցյան. Մենք կարող ենք ու մենք էլ դա անելու ենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան