«Դատախազության բոլոր հայտարարություններն են խրոխտ». գլխավոր դատախազ
«Ամիսներ առաջ ձեզ դիմել էի գրությամբ, որում նկարագրում էի մոլորակի բնակչությանն արդեն հայտնի զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամ չփոխանցված գումարների պատմության հետ կապված մի շարք հարցեր»-խորհրդարանում հանրապետության գլխավոր դատախազին հիշեցրեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և հավելոց, որ դիմումում խնդրել էր խնդրին տալ քրեաիրավական գնահատական:
Կարդալով դատախազության պատասխան գրության այն հատվածը, որում ասվում է, որ առկա են գաղտնի և հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություններ, որոնք օրենքի ուժով չեն արտացոլվում հաշվետվություններում՝ Ուրիխանյանը հավելեց. «Մի 350 հազար անգամ հարցրել եմ՝ այդ հիմնադրամի հաշվետվությունների հետ կապված ի՞նչ գաղտնի տվյալ պետք է լինի, հիմնադրամը գաղտնի գործունեություն իրականացնելու իրավո՞ւնք ունի»:
Ըստ պատգամավորի, այդքանից հետո դատախազությունը խրոխտ հայտարարություն է տարածում և մեղադրում իրեն, որ ինքը «գաղտնի» բառ է հիշատակել, որը դատախազությունը չի արել:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ իրենց բոլոր հայտարարություններն են խրոխտ և պատգամավորի հարցադրումներին տված պատասխաններն էլ իրավաչափ են, իսկ քրեական գործ հարուցելու համար պետք է հանցագործության վերաբերյալ առերևույթ տվյալներ լինեն, որը չկա:
Ըստ գլխավոր դատախազի, պատգամավորը համադրել է վարչապետի հայտարարության մեջ եղած թվերը հիմնադրամի կայքի համապատասխան թվերի հետ և դրանց մեջ տեսել հակասություն, բայց նոր աշխատողների համար հիմնադրամ մուծվող 1000-ական դրամները չէին կարող մեկ շաբաթում երևալ:
Արթուր Դավթյանը հավելեց, որ գաղտնի բառը վերաբերում է մուտքերին, որոնց մասին Տիգրան ՈՒրիխանյանը պետք է շատ լավ իմանար, քանի որ կան աշխատողներ, որնց քանակը գաղտնի է և այդ տվյալները չեն կարող հրապարակվել:
«Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք կոռուպցիայի հետ կապված պայքարի առաջամարտության շրջանակներում պարզաբանումներ արեք, ձեր ձեռքն է իշխանությունը, ապարատը, լծակները»,- արձագանքեց պատգամավորը և շեշտեց, որ խոսքը չի գնում շաբաթվա մասին, այլ 1-2 տարվա:
Հիշատակելով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հապարակած փաստաթղթում առկա 1.9 միլիարդ դամի տարբերության տվյալները՝ Տիգրան Ուրիխանյանը հռետորական հարցադրում արեց, թե այդ գումարի չափով գաղտնի ծատայող աշխատողներ կան հանրապետությունում:
Վերջում պատգամավորը հետաքրքրվեց, թե, գլխավոր դատախազն ինչո՞ւ չի արձագանքում սպա Ցոլակ Խաչատրյանի՝ պաշտպանության նախարարի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում հայտնելու կապակցությամբ ուղղված գրությանը, որում վերջինս հարցրել էր, թե որտեղ են պահեստազորի սպաների գումարները:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանեց, որ իր պարտականությունների մեջ չի մտնում ցանկացած անձին հետաքրքրող հարցի վերաբերյալ քրեական վարույթ իրականացնելը:
«Իսկ թե որտեղ են սպաների գումարները՝ ես ուզում եմ. որ մեր հանրությունը տեղյակ լինի, որ այս հարցի պատասխանն առաջին հերթին պետք է հոգաբարձուների խորհրդի անդամները ստանային և պարզաբանեին հանրությանը»,- ակնարկելով Ուրիխանյանի՝ նախկինում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու փաստը՝ եզրափակեց գլխավոր դատախազը:
Հարակից հրապարակումներ`
- Շուրջ 33%-ով նվազել է սպաների հանցավորության մակարդակը. Դավթյան
- «Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2172-ով կամ 8.8%-ով».գլխավոր դատախազ Արթուր Դավթյան
- Քրեական հետապնդման ենթարկված ՏԻՄ ղեկավարները շարունակում են պաշտոնավարել. Դավթյան