Տիգրան Աբրահամյան.Այս փուլում «թեժությունը» դեռևս քարոզչական հարթությունում է
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ուժի կիրառման հարցի օրակարգային լինելու մասին հարցազրույցին երեկ հաջորդեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի անցկացրած ընդլայնված խորհրդակցությունը, որտեղ նույն տրամաբանության մեջ հայտարարություններ հնչեցնելուց բացի նաև, ըստ էության, «հանձնարարություններ» եղան՝ զորքերը նախապատրաստելու ռազմական ճանապարհով հարցի կարգավորմանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։
նա նշել է, որ, սա ի դեպ, հայտարարությունների բովանդակության առումով աննախադեպ չէ, նման ոճի տարբեր հայտարարություններ հնչել են նաև նախկինում տեղի ունեցած խորհրդակցություններից հետո՝ տարբեր հետևանքներով:
«Սրանց ի պատասխան հայտարարություններ հնչեցին Արցախի նախագահականից և Հայաստանի ՊՆ-ից, սակայն Ադրբեջանը դրանով կարծես թե չի պատրաստվում բավարարվել:
Այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խիստ կասկածելի տեղեկություններ փոխանցեց առաջնագծում տեղի ունեցած «միջադեպի» մասին (խոշոր տրամաչափի զինատեսակների և դիպուկահարների ակտիվացման մասին), որը ոչ մի ձևի հաստատում չի ստանում, ապա քիչ անց ռազմական բնույթի լրահոս ապահովող ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով մեկնաբանություն տարածեց, որը բովանդակային առումով համառոտ ձևով ներկայացնում էր Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի՝ վերջին օրերին հնչեցրած հայտնի հայտարարությունների տրամաբանությունը՝ միակ լեզուն, որ պետք է խոսել հակառակորդի հետ, զենքի ուժն է:
Չնայած շաբաթվա ընթացքում տարբեր միջադեպերի մասին Ադրբեջանից հնչող չհաստատված միջադեպերի և սպառնալիքներ պարունակող հայտարարություններին, Արցախի ՊԲ-ի՝ անցնող շաբաթվա մասին ամփոփիչ հաղորդագրությունում, հրադադարի ռեժիմի խախտումների բավականին ցածր թիվ է արձանագրված, այլ միջադեպերի մասին էլ տեղեկություններ չկան:
Ստացվում է, որ տարբեր դրդապատճառներից ելնելով Ադրբեջանը նպատակ ունի այս փուլում նվազագույնը առաջնագծում առկա իրավիճակը «թեժ» ներկայացնել. այս փուլում «թեժությունը» դեռևս քարոզչական հարթությունում է, իսկ հասկանալու համար, թե արդյո՞ք սա առաջնագծում ակտիվություն մտցնելու անոնս կամ տեղեկատվական նախապատրաստություն է, անհրաժեշտ է որոշ հանգամանքներ ևս մանրամասն վերլուծել»,- նախօրեին գրել է Տիգրան Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ Պաշտպանության նախարարության արձագանքը Զաքիր Հասանովի հայտարարությանը
- Մեկ շաբաթում Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
- Թևանյան. Ալիևը մայիսի 28–ին հերթական անգամ ցույց տվեց իր «կառուցողականությունը»
- Արցախի նախագահն՝ Ալիևին․ Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ