ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 4100 մարդ
Անցած մի քանի օրվա ընթացքում ամերիկյան իշխանությունները բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալել են շուրջ 4100 մարդու: Նման գնահատականները, Tass-ի հաղորդմամբ, հրապարակվել են կիրակի օրը Associated Press-ի կողմից:
Ինչպես նշում է, այս անձինք, մասնավորապես, մեղադրվել են թալանի, պարետային ժամերի խախտման և ճանապարհի խցանումների համար: Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն մասնակցել են բողոքի ցույցերին ԱՄՆ-ում:
Գործակալությունը նշում է, որ պարետային ժամեր են կիրառվել ԱՄՆ տասնյակ քաղաքներում: Դրանցից ամենամեծերից են՝ Լոս Անջելեսը և Սան Ֆրանցիսկոն (երկուսն էլ Կալիֆորնիա), Չիկագո (Իլինոյս), Ատլանտա (Ջորջիա), Դենվեր (Կոլորադո) և Սիեթլ (Վաշինգտոն):
Ազգային գվարդիան մոբիլիզացվել է 15 նահանգներում, ինչպես նաև Կոլումբիայի շրջանում: Նրանցից շուրջ 5 հազարը մասնակցում են օրենքների և կարգի պահպանմանը:
Հիշեցնենք, որ երկրում բողոքի ցույցերը սկսվեցին ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Տարածված տեսանյութում երևում է, որ Ֆլոյդը մի քանի րոպե խնդրում էր ոստիկանին, ով ծնկով սեղմել էր նրա պարանոցը, հանել ծունկը՝ բացականչելով, «չեմ կարող շնչել»: Սակայն ոստիկանն իր ծունկը նրա պարանոցի վրա է պահել 8 րոպե 46 վայրկյան, որից մոտ երեք րոպե 46-ամյա Ֆլոյդն այլևս չէր շարժվում: Ծունկը հանելուց երկու րոպե առաջ մյուս ոստիկանը ստուգել էր Ֆլոյդի աջ դաստակը ու չէր կարողացել զգալ զարկերակային անոթը: Ֆլոյդին հիվանդանոց տեղափոխելուց մեկ ժամ անց հայտարարվեց նրա մահվան մասին:
Դերեք Շովինը՝ այն ոստիկանը, ով ծնկով սեղմել էր Ֆլոյդի պարանոցը, և գործողությանը մասնակից երեք այլ ոստիկաններ հեռացվել են աշխատանքից: Ուրբաթ օրը Շովինի դեմ մեղադրանք է ներկայացվել երրորդ աստիճանի սպանության մեջ: Նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում: Ֆլոյդի ընտանիքն ավելի կոշտ մոտեցում է պահանջում:
Հարակից հրապարակումներ`
- Նյու Յորքի քաղաքապետի աղջկան բողոքի ակցիայի ժամանակ բերման են ենթարկել
- Ցույցերը հասել են Սպիտակ տուն. գործի է դրվել Ազգային գվարդիան